Արդյոք Փաշինյանն ու Թորոսյանը կընդլայնե՞ն իրենց հակահայ դիրքորոշումը՝ ողջունելով 300․000 ադրբեջանցու Հայաստանում․ Հարութ Սասունյան
Թալեաթ փաշան՝ Հայոց ցեղասպանության հիմնական կազմակերպիչներից մեկը, 1915 թվականի իր նամակներից մեկում գրել է հայերի ամբողջական բնաջնջման հրեշավոր ծրագրի մասին․ «Ուզեցինք մեկ հայ թողնել, այն էլ՝ թանգարանում…»։ Եթե Հայաստանում ընթացող աղետալի զարգացումները շարունակվեն, ապա այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը․ գրում է The California Courier թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։
Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյա Արսեն Թորոսյանը մայիսին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց. «Մենք պետք է կազմակերպենք ներգաղթ, նույնիսկ եթե դա չի համապատասխանում, այսպես կոչված, ազգային գաղափարներին։ Տասնյակ հազարավոր մարդիկ պետք է ներգաղթեն այստեղ»։
Ըստ հեղինակի՝ սա հակահայկական նկատառում է, ինչպես Փաշինյանի գրեթե յուրաքանչյուր այլ գործողություն։ Ցանկացած խելամիտ հայ առաջնորդ, նախքան տասնյակ հազարավոր ոչ հայերի Հայաստան ներգաղթեցնել շտապելը, կփորձեր 7 միլիոնանոց հայկական սփյուռքի մի հատվածի գրավել՝ ներգաղթելու Հայաստան։ Փոխարենը՝ Փաշինյանը զբաղված է Հայաստանի պատմությունն ու մշակույթը մերժելով, իսկ այժմ՝ նրա ժողովրդագրությունը նոսրացնելով։ Նա նախ Ադրբեջանին տվեց Արցախը՝ հազարավոր հայ երիտասարդ զինվորների զոհաբերելուց հետո։ Այնուհետև նա թույլ տվեց Ադրբեջանին օկուպացնել Հայաստանի Հանրապետության որոշ մասեր՝ սկսած 2021 և 2022 թվականներից։ Այժմ նա խոսում է Տիգրանաշենն Ադրբեջանին տալու մասին։
Փաշինյանը շարունակել է արժեզրկել հայկական սրբազան ազգային խորհրդանիշները, ինչպիսին է Արարատ լեռը։ Հեղինակը մտահոգություն է հայտնել նաև ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ, որով ՀՀ քաղաքացիները պետք է վերջին մեկ տարում բնակված լինեն ՀՀ-ում՝ ընտրություններին մասնակցելու համար։ Սա քաղաքացիների ամենահիմնարար ժողովրդավարական իրավունքի չարաշահում է։
Կառավարությունը նաև ավելի բարդացնում է սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը։ Ոչ հայերին Հայաստանում բնակեցնելու մասին հայ պաշտոնյաների խոսակցությունների ամենասարսափելի մասը 300.000 ադրբեջանցու Հայաստան տեղափոխվելու համար ճանապարհ հարթելն է, ինչը կնշանակի ՀՀ-ի վերջը։
«Ամիսներ շարունակ Ադրբեջանի նախագահ Ալիևը պահանջում է, որ ՀՀ կառավարությունն ընդունի 300․000 ադրբեջանցու։ Ալիևն արդեն վերանվանել է Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»։ Արդյոք Թորոսյանն ու Փաշինյանը կընդլայնե՞ն իրենց հակահայակական դիրքորոշումը՝ ողջունելով 300․000 ադրբեջանցուն Հայաստանում։ Ցավոք, կարծում եմ, սա միանգամայն հնարավոր է։ Եթե դա բավարար չէ Հայաստանը ոչնչացնելու համար, ապա միլիոնավոր թուրքեր են ապրում Հայաստանի սահմանից այն կողմ։ Արդյոք Հայաստանի ղեկավարներն այնքան անամոթ կլինեի՞ն, որ հրավիրեն մեծ թվով թուրքերի տեղափոխվելու Հայաստան։ Վախենամ, որ կարող են», – գրել է հեղինակը։


