
Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատում կիրականացնեն հյուսիսից հարավ․ կքննարկվեն կոնկրետ բնակավայրերի հետ կապված հարցեր․ Բայրամով
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատել իրենց պետական սահմանը հյուսիսից հարավ․ հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել, որ պետական սահմանազատման գործընթացը կընթանա հյուսիսից հարավ՝ սկսած Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից։ Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմից պետական սահմանազատման հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
«Հանձնաժողովների միջև պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ են անցկացվում։ Հայաստանում համապատասխան հանձնաժողովը նույնպես գլխավորում է փոխվարչապետը», – նշել է Բայրամովը։
Նա հավելել է, որ վերջին ժամանակահատվածում երկու երկրների հանձնաժողովների միջև բազմաթիվ հանդիպումներ են անցկացվել։ Ե՛վ Ադրբեջանում, և՛ Հայաստանում ընդունվել և հաստատվել են հանձնաժողովների գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր։ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի ընթացքում կքննարկվեն ավելի կոնկրետ հարցեր, և սպասվում է դրանց լուծումը։
«Ինչ վերաբերում է ավելի կոնկրետ մանրամասներին, իհարկե, բոլոր հարցերը կքննարկվեն անհրաժեշտության դեպքում և համապատասխան ժամանակ, և սպասվում է, որ դրանք նույնպես կլուծվեն։ Սահմանազատման հանձնաժողովի շրջանակում կքննարկվեն կոնկրետ բնակավայրերի հետ կապված հարցեր», – հայտարարել է նախարարը։


