
ԱՄՆ-ն ավելի քան 200 միլիոն դոլար է հատկացրել Տրանսկասպյան երթուղու զարգացման համար
Միացյալ Նահանգներն առաջնահերթություն է տալիս ավելի փոխկապակցված CAMCA տարածաշրջանի տնտեսական և մարդկային ներուժի զարգացմանը․ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը՝ ելույթ ունենալով Բաքվում ընթացող Կենտրոնական Ասիա-Մոնղոլիա-Կովկաս-Աֆղանստան (CAMCA) տարածաշրջանային ֆորումում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հիմնական առաջնահերթություններից մեկը ներտարածաշրջանային կապերի ընդլայնումն է։
«Տրանսկասպյան միջազգային առևտրային երթուղին Կենտրոնական Ասիան, Կասպյան տարածաշրջանը և Հարավային Կովկասը կապում է ԱՄՆ-ի և Եվրոպայի շուկաների հետ։ Այս առևտրային երթուղին ավելին է, քան պարզապես ենթակառուցվածքներ։ Այն կամուրջ է տնտեսությունների, ժողովուրդների և նրանց ապագայի միջև», – նշել է Էմի Քարլոնը։
Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է այս ջանքերին կոնկրետ ներդրումների միջոցով և 201 միլիոն դոլար է հատկացրել Տրանսկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամին։
«Մենք կարծում ենք, որ միացված տարածաշրջանը բարգավաճ տարածաշրջան է։ Ամբողջությամբ իրականացված Տրանսկասպյան միջազգային առևտրային երթուղին ունի Եվրասիայում առևտրի ձևերը վերափոխելու ներուժ, և այստեղ ներկայացված յուրաքանչյուր երկիր կարող է օգտվել դրանից», – հավելեց նա։
Էմի Քարլոնը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները CAMCA տարածաշրջանը դիտարկում է որպես մեծ տնտեսական և մարդկային ներուժ ունեցող տարածք և հանձնառու է համագործակցությանը՝ տարածաշրջանն ավելի փոխկապակցված, խաղաղ և բարգավաճ դարձնելու համար։


