23 Դեկ
2024
-2.4° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արդյոք «Զանգեզուրի միջանցքը» Վրաստանն ամպուտացված օրգան կդարձնի՞

Արդյոք «Զանգեզուրի միջանցքը» Վրաստանն ամպուտացված օրգան կդարձնի՞

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին Մատվարի Արխի հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» Վրաստանը կդարձնի Հարավային Կովկասի ամպուտացված մաս, որը ոչ ոքի պետք չէ։ Ըստ Սահակաշվիլիի՝ Վրաստանը ապրել էր զարգացում՝ շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, որ թույլ էր տվել Վրաստանին դառնալ կարևոր տարանցիկ հանգույց։ Բայց «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է զրոյացնել Վրաստանի՝ որպես տարանցիկ կոմունիկացիոն հանգույցի նշանակությունը, ինչի հետևանքով երկիրը կկրի լուրջ տնտեսական վնասներ։ Համանման կարծիք էր հայտնել, նաև Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին։

 

Հիշեցնենք, որ Արցախյան հակամարտության սկզբից իվեր, երբ փակվեցին Խորհրդային միության կողմից ստեղծված նախկին կոմունիկացիոն ուղիները, Թուրքիան և Ադրբեջանը ջանքեր գործադրեցին միմյանց միացնող ճանապարհներ ստեղծելու համար։ Եվ արդյունքում ստեղծվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։ Հայաստանին նույնպես պետք էին այլընտրանքային ճանապարհներ, և միակ այլընտրանքային ճանապարհը, այս դեպքում ևս, անցնում էր Վրաստանով, որով կարելի էր կապվել՝ Ռուսաստանի, իսկ վրացական սևծովյան նավահանգիստներով՝ Եվրոպայի հետ։  Իրանին ևս ձեռնտու էր Հայաստան-Վրաստան տրանզիտը, քանի որ, այն Իրանից Ռուսաստան և Սև ծով տանող ամենակարճ ճանապարհն է։

Այսպիսով, հարևան երկրների միջև եղած կոնֆլիկտային հարաբերությունները Վրաստանին հնարավորություն տվեցին դառնալ ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային կարևորագույն կոմունիկացիոն հանգույց։ Վրաստանով է անցնում Եվրոպան Չինաստանին միացնող Տրանսկասպյան երկաթուղին, որը Արևմուտքում համարվում է, ոչ բարեկամ երկրները՝ Իրանը և Ռուսաստանը շրջանցող ամենաօպտիմալ ճանապարհը դեպի արևելք։ Այս գործընթացները տարիներ շարունակ մեծ տնտեսական ներդրումների հոսք են ապահովել դեպի Վրաստան։ Եթե սրան գումարենք տրանզիտից ստացված եկամուտները, կհասկանանք, թե ինչպես հնարավոր եղավ, այսպես կոչված «Վրացական հրաշքը»։

Անցյալ տարի, միայն բեռնատարներից գանձված տրանզիտային հարկերը վրացական բյուջեն համալրել են 62 մլն դոլարով։ Սակայն հիմա, երբ Թուրքիան ու Ադրբեջանը ճնշումներ են գործադրում, որպեսզի ստիպեն Հայաստանին Սյունիքի հարավով իրենց ճանապարհ տրամադրել, «Վրացական հրաշքը» կարող է վտանգի տակ հայտնվել։ Ըստ վրացի վերլուծաբան Արչիլ Սիխարոզիդձեի, անկախ այն փաստից՝ կբացվի՞ «Զանգեզուրի միջանցքը», թե՞ ոչ, Վրաստանը կշարունակի մնալ, որպես կարևորագույն կոմունիկացիան հանգույց։ Սիխարոզիդձեի կարծիքով՝ Վրաստանն ունի բարձր իմիջ, և հմտորեն կարողանում է իրականացնել փափուկ ուժի քաղաքականություն, ինչի շնորհիվ այն կշարունակի մնալ վստահելի գործընկեր, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար։ Հայաստանի հարավով մի ճանապարհի բացումը չի կարող իրավիճակ փոխել Վրաստանի համար։

Այս տեսակետն իրավունք ունի գոյություն ունենալ, եթե գործընթացների զարգացումը դիտարկենք զուտ կարճաժամկետ կտրվածքով։ Երկարաժամկետ կտրվածքով՝ Թուրքիային և Ադրբեջանին կհաջողվի Հայաստանի ներկայիս կամազուրկ և անատամ իշխանություններից կորզել «Զագեզուրի միջանցքը»։ Այն ներդրումները, որոնք իրենք իրականացնում են Վրաստանում, կտեղափոխեն Սյունիք, քանի որ, Սյունիքով միմյանց կապող ապագա ճանապարհը ձեռնտու է թուրքերին ու ադրբեջանցիներին, ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ տնտեսական առումով։ Ավելին, նրանք կձգտեն շահագրգռել այլ արտասահմանյան ներդրողների, Վրաստանի փոխարեն, ֆինանսավորել իրենց իսկ ճանապարհային ուղին։ Սրա մասին է խոսում Բաքվի միջազգային ծովային նավահանգիստ ՓԲԸ-ի Ռազմավարական պլանավորման և զարգացման բաժնի ղեկավարի հարցազրույցը Report-ին։ Նրա խոսքով՝ վրացական նավահանգիստների ծառայությունները բավականին թանկ են, և եթե «Զանգեզուրի միջանցքով» ապրանքները հասցվեն թուրքական նավահանգիստներ, այնտեղից էլ Եվրոպա, դա երկու անգամ ավելի էժան կնստի։


Արևմտյան երկրները ևս շահագրգռված կլինեն Սյունիքի հարավով միջանցքի բացմամբ։ Քանի որ, այն ոչ միայն վրացական ուղիների հետ համեմատած կլինի ավելի կարճ և արդյունավետ, այլև կունենա աշխարհաքաղաքական նշանակություն։ Տիրապետելով «Զանգեզուրի միջանցքին»՝ կարելի է վերահսկել Ռուսաստանի և Իրանի հյուսիսից-հարավ տեղաշարժերը։


Այսպիսով, «Զանգեզուրի միջանցք» կոչվածը կարող է ի չիք դարձնել «Վրացական երազանքը», բայց ի՞նչ այն կտա Հայաստանին։ Եթե Թուրքիան և Ադրբեջանը իրոք լինեին կիրթ և կառուցողական, ինչպես այդ մասին հավաստիացնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, ապա կոմունիկացիաների ապաշրջափակումը դրական նշանակություն կունենար Հայաստանի համար։ Բայց փաստացի, թուրք-ադրբեջանական տանդեմը կոմունիկացիաների ապաշրջափակման քողի ներքո, փորձելու է զավթել հայկական տարածքները։ Սա երևում է նրանց հայտարարություններից, որ ամբողջ Հայաստանը ձևավորվել է «պատմական Ադրբեջանի արևմտյան տարածքներում», և հետագայում ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան և այլն։ Այս պարագայում Հայաստանը հնարավորություն ունի հմտորեն օգտագործել «Զանգեզուրի միջանցքից» Վրաստանի դժգոնությունը։ 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը հայտարարեց չեզոքության մասին և արգելեց իր տարածքով Հայաստան և Ադրբեջան զենքի ներկրումը։ Սակայն փորձը ցույց տվեց, որ դրանից տուժեց միայն Հայաստանը։ Ադրբեջանը շարունակում էր օգտագործել Վրաստանի օդային տարածքը զենք ներկրելու համար, իսկ վրացական կողմը, կարծես, դա չէր նկատում։ Նոր պատերազմի պարագայում, հայկական կողմը կարող է հասկացնել Վրաստանին, որ Ադրբեջանի հաղթանակի դեպքում, երկարաժամկետ կտրվածքով, միայն Հայաստանը չի, որ տուժելու է։ Խաղալով վրացական շահերի վրա՝ կարելի է հասնել նրան, որ պատերազմական իրավիճակում, վերջինս իր տարածքով չթողնի իրականացվեն զենքի մատակարարումներ դեպի Ադրբեջան։ Դեռ ավելին, կարելի է ներքին պայմանավորվածություններ ձեռք բերել։ Ասենք, օրինակ, պահելով Սյունիքը, մենք չենք բացի Ադրբեջանի համար ոչ մի միջանցք։ Փոխարենը, Վրաստանը  Հայաստանին կտրամադրի իր ճանապարհային հանգույցներից օգտվելու ավելի էժան ծառայություններ։ Այս գործընթացներին կարելի է ներգրավել Իրանին, ինչն էլ Հայաստանը և Վրաստանը կդարձնի Հյուսիս-Հարավ ճանապարհների լիակատար բաղկացուցիչ։ Այսպիսով, Հայաստանն ու Վրաստանը կարող են չեզոքացնել «Զանգեզուրի միջանցքից» եկող վտանգը, բայց դա միայն այն դեպքում, եթե արդյունավետորեն համագործակցեն և ճիշտ համադրեն միմյանց շահերը։   

 

Աշոտ Բարեքյան