16 Նոյ
2024
12.2° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր թռիչքներ ենք բացում Աստանայի և Երևանի միջև․ Մուրատ Նուրթլեուն

Նոր թռիչքներ ենք բացում Աստանայի և Երևանի միջև․ Մուրատ Նուրթլեուն

Ղազախստանի և Հայաստանի միջև օդային հաղորդակցությունը զարգացնելու համար նոր թռիչքներ կմեկնարկեն. այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրթլեուն ։

«Հայաստանում ավելի քան 100 կազմակերպություն է գրանցված, որոնք ղազախական կապիտալ ունեն, իսկ Ղազախստանում նմանատիպ 435 ընկերություն կա։ Հենց այս ձեռնարկատերերի և առհասարակ քաղաքացիների ազատ տեղաշարժի համար մենք նոր թռիչքներ ենք բացում Երևանի և Աստանայի միջև»,– նշել է Նուրթլեուն։

Նա նաև ընդգծել է, որ միջմայրցամաքային ծրագրերում Հայաստանը Ղազախստանի համար չափազանց մեծ նշանակություն ունի։ Ըստ Ղազախստանի ԱԳ նախարարի` առևտրատնտեսական, ձեռնարկատիրական ներդրումային համագործակցությունն ամրացնելը կարող է զգալի իմպուլս հաղորդել երկու երկրի զարգացմանը։

Նուրթլեուն վստահեցրել է, որ երկու երկրի միջև փոխգործակցության հիմքը առևտրատնտեսական հարաբերություններն են։ Դիվանագետը շեշտել է նաև , որ վերջին տարում Հայաստանի և Ղազախստանի միջև արտահանման մակարդակն աճել է 23 տոկոսով` 53 մլն դոլարով։ Նա հույս հայտնել է, որ այն դեռ կշարունակի աճել։

«Այս պահի դրությամբ ոչ հումքային առևտրի բնագավառում Ղազախստանը դեպի Հայաստան արտահանումը կարող է աճեցնել 70 կետով։ Այսինքն դա կարող է նշանակել 350 մլն դոլար»,– ասել է ղազախ դիվանագետը։

Հիշեցնենք, որ Ղազախստանի ԱԳ նախարարը Հայաստան է ժամանել մարտի 17-ին` երկօրյա այցով։