
Տարածաշրջանի սրված իրավիճակը՝ Իրանի և ՌԴ ԱԳ նախարարների խոսակցության առանցքում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Ալի Բաղերի Քանիի հետ․ այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։
Զրույցի ընթացքում առաջնահերթ ուշադրություն է դարձվել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Լավրովը և իր իրանցի գործընկերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում լարվածության սրման առնչությամբ, որն առաջացել է չլուծված բազմաթիվ ճգնաժամերի արդյունքում՝ առաջին հերթին պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։
Սերգեյ Լավրովն իրանցի ընկերներին հաջողություն է մաղթել նախագահական ընտրություններում։ Իր հերթին Ալի Բաղերի Քանին հաստատել է իր շարունակական պատրաստակամությունը՝ շարունակելու մտքերի խորը փոխանակումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել՝ ի շահ երկկողմ օրակարգի գործնական խնդիրների հետևողական լուծման։