13 Հոտ
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ի գոյությունը սպառնալիքի տակ է, եթե այն չվերանայի իր մոտեցումները․ ԵՄ մրցունակության մասին զեկույց

ԵՄ-ի գոյությունը սպառնալիքի տակ է, եթե այն չվերանայի իր մոտեցումները․ ԵՄ մրցունակության մասին զեկույց

Եվրամիությունը կրիտիկական հումքի և տեխնոլոգիաների մոտ 40%-ը ներկրում է երրորդ երկրներից, և այն մոտ ապագայում չի կարողանա հաղթահարել նման կախվածությունը, նշվել է Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիի կողմից ներկայցված ԵՄ մրցունակության մասին զեկույցում։ ԵՄ երկրները 2022 թվականի կեսերից մինչև 2023 թվականի կեսերը պաշտպանական գնումների մոտ 78%-ը կատարել են երրորդ երկրներից։

«Մենք չենք աջակցում մրցունակ եվրոպական պաշտպանական ընկերություններին: 2022 թվականի կեսերից մինչև 2023 թվականի կեսերը պաշտպանական գնումների ընդհանուր ծախսերի 78%-ը եղել է ոչ ԵՄ մատակարարներից, որից 63%-ը՝ ԱՄՆ-ից»,- նշվել է փաստաթղթում

Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը և Չինաստանի հետ նրա մրցակցությունը զգալիորեն նվազեցնում են Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ շարունակելու հանդես գալ որպես «անվտանգության հովանոց» Եվրոպայի համար, և ԵՄ-ն ինքը դեռ պատրաստ չէ բազմակի ավելացնել ներդրումները սեփական պաշտպանության ոլորտում, նշվել է զեկույցում։ Արդյունքում՝ պաշտպանական կարողությունների աճող պահանջարկը բախվում է առաջարկի կրճատմանը:

«Եվրոպան պետք է ինքնուրույն լրացնի այդ բացը։ Այս տարվա հունիսին Եվրահանձնաժողովը գնահատեց, որ մոտ 500 միլիարդ եվրոյի լրացուցիչ ներդրումներ կպահանջվեն պաշտպանության ոլորտում հաջորդ տասնամյակի ընթացքում», – շեշտել է Դրագին։

Բացի այդ՝ ԵՄ էներգետիկ շուկան, չնայած էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու և ռուսական էներգակիրները հաջողությամբ փոխարինելու մասին Եվրահանձնաժողովի լավատեսական հայտարարություններին, բախվում է հիմնարար խնդիրների, բնական ռեսուրսների պակասի, իսկ բնական գազի գները ԵՄ-ում չորսից հինգ, էլեկտրաէներգիան՝ 2-3 անգամ ավելի բարձր են, քան ԱՄՆ-ում։

Ըստ զեկույցի՝ ԵՄ-ը կարող է դադարել գոյություն ունենալ, եթե չարագացնի տնտեսական աճը և չվերանայի իր ամբիցիաները։