
Ադրբեջանը վաշինգտոնյան հանդիպումից հետո էլ շարունակում է մեծ ծավալի սպառազինություն ձեռք բերել․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ-ում քննարկումներից մեկի ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչը հարցադրում է անում՝ սպառնալի՞ք էր ՌԴ-ի՝ Ադրբեջանին 5 մլրդ դոլարի սպառազինություն վաճառելը․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«ՀՀ-ի համար սպառնալիք են եղել, կան ու կլինեն բոլոր այն գործընթացները՝ լինեն դրանք ռազմական, քաղաքական կամ տնտեսական, որոնցով Ադրբեջանն ամրացել, ուժեղացել ու ամրապնդել է իր պոտենցիալը։
Այստեղ հարցն այլ է․ իսկ ինչպե՞ս են տարբեր ժամանակներում դրան արձագանքել ՀՀ իշխանությունը։
Օրինակ՝ նույն այդ գործարքների ժամանակ Սերժ Սարգսյանը ոչ միայն փակ հանդիպումներում, այլև իր հրապարակային խոսքում, բազմաթիվ անգամ, տարբեր ձևաչափերով հանդիպումներում, ՌԴ իշխանությանը զգուշացրել է, որ այդ գործարքները մեր երկրում ընկալելի և ընդունելի չեն։ Մեկ այլ թեմա է, թե այդ ժամանակ խնդիրն ինչպես է քննարկվել ու, որպես արդյունք, ինչ մատակարարումների է հանգեցրել ՀՀ-ի համար։
Ադրբեջանը վաշինգտոնյան պայմանավորվածությունից առաջ և հետո շարունակում է մեծածավալ ռազմական գնումներ իրականացնել Իսրայելից, Պակիստանից, Չինաստանից, Թուրքիայից, եվրոպական տարբեր երկրներից։
Գործող իշխանությունը որևէ ձայն կամ հակազդեցություն ապահովե՞լ է։ Որ հարցնես, կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պատերազմ կսադրենք և այլ հիմարություններ»,- նշել է Աբրահամյանը։


