25 Նոյ
2024
9.5° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԽ պատգամավորին սպառնում է 5 տարվա ազատազրկում

ԵԽ պատգամավորին սպառնում է 5 տարվա ազատազրկում

Փարիզի դատախազությունը Եվրախորհրդարանի միջոցների ոչ պատշաճ օգտագործելու հետաքննության շրջանակներում խնդրել է ֆրանսիական «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին դատապարտել հինգ տարվա ազատազրկման, որից երեքը՝ պայմանական։

Եթե դատարանը համաձայնի մեղադրանքներին, 56-ամյա Լը Պենը չի կարողանա մասնակցել 2027 թվականին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, քանի որ նրան կարգելեն նույն ժամկետով զբաղեցնել պետական պաշտոններ։ Դատախազները նաև ցանկանում են, որ կուսակցությունը տուգանվի երկու միլիոն եվրոյով։ Նախկինում աջ քաղաքական գործիչն արդենպարտավորվել էր 330 հազար եվրո վճարելու Եվրախորհրդարանին։

Դատախազությունը պահանջում է անհապաղ ուժի մեջ մտնել պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքը, նույնիսկ եթե փաստաբանները վերաքննիչ բողոք ներկայացնեն։ Ինքը՝ Լը Պենը, մեղադրել է դատախազներին «ֆրանսիացիներին զրկելու հնարավորությունից՝ քվեարկելու նրանց օգտին, ում ցանկանում են»: «Ես բացարձակապես զգացողություն չունեմ, որ թույլ եմ տվել ամենափոքր իսկ խախտումը կամ ամենափոքր անօրինական գործողություն»,- նշել է նա։

Մարին Լը Պենը և Եվրախորհրդարանի հետ առնչվող ևս 26 անձ կանգնել են Փարիզի քրեական դատարանի առջև՝ կուսակցության պատգամավորների ֆիկտիվ օգնականների և կեղծ աշխատատեղերի ստեղծման կասկածներով՝ հօգուտ կուսակցության Եվրախորհրդարանի միջոցները հափշտակելու համար:

Հետաքննությունը սկսվել է անանուն զեկույցից հետո, ըստ որի՝ խորհրդարանական օգնականները, փաստացի աշխատելով կուսակցության համար, չեն կատարում իրենց պարտականությունները Եվրախորհրդարանում: Հետաքննությունը պարզել է, որ 2004-ից 2016 թվականներին այս սխեմայի միջոցով ծախսվել է ավելի քան 3 միլիոն եվրո: