08 Հուն
2025
-3.7° c ԵՐԵՎԱՆ
-5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կովկասում հակամարտության սրման հավանականությունը կպահպանվի, խաղաղության պայմանագիր չի լինի. Stratfor

Հարավային Կովկասում հակամարտության սրման հավանականությունը կպահպանվի, խաղաղության պայմանագիր չի լինի. Stratfor

Stratfor վերլուծական կենտրոնը հրապարակել է «2025 թվականի տարեկան աշխարհաքաղաքական կանխատեսում» զեկույցը։ Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ նշվել է, որ այն 2025-ին կմնա մարտադաշտ աշխարհաքաղաքական ազդեցության համար, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը արտաքին աջակցություն են փնտրում խաղաղ բանակցություններում իրենց դիրքերն ամրապնդելու համար։

Ըստ կանխատեսման՝ Հայաստանն ու Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, կշարունակեն ձգտել խաղաղության համաձայնագրի կնքմանը, սակայն Հայաստանում սահմանադրական փոփոխությունները, սահմանների ամբողջական սահմանազատման մանրամասները և տարանցիկ ուղիների բացման շուրջ տարաձայնությունները, ամենայն հավանականությամբ, կկանխեն խաղաղ համաձայնագիրը 2025 թվականին։ Քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել, տարածաշրջանում հակամարտության սրման հավանականությունը կպահպանվի, քանի որ Բաքուն օգտագործում է իր ռազմական առավելությունը՝ բանակցություններում ազդեցությունը պահպանելու համար։ Երկու կողմերն էլ կփնտրեն օտարերկրյա աջակիցներ, որոնք կօգնեն նրանց պահպանել լծակները բանակցություններում։

Միաժամանակ, Ադրբեջանն ու Հայաստանը կխուսափեն Մոսկվայի հետ առճակատումից. ԱՄՆ-ի ուժեղ աջակցություն ստանալու Հայաստանի փորձերը ձախողվելու են, քանի որ Թրամփի վարչակազմը առաջնահերթություն է տալիս Բաքվի հետ ամուր հարաբերություններին՝ որպես հակակշիռ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի տարածաշրջանային ազդեցությանը։ Փոխարենը Հայաստանը հույսը դնելու է Ֆրանսիայի ռազմական տեխնիկայի վրա և ձգտելու է մեծացնել առևտուրը Եվրամիության հետ։ Հայաստանը կօգտագործի Արևմուտքի հետ աճող քաղաքական և պաշտպանական կապերը՝ փորձելով կանխել Ադրբեջանի հետ էսկալացիան և հակազդել Բաքվի պահանջներին խաղաղ բանակցություններում, հատկապես հարավային Հայաստանով տարանցման հետ կապված: