22 Փտր
2025
-4.7° c ԵՐԵՎԱՆ
-7.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արբատ» գումարտակի հրամանատար Արմեն Սարգսյանի սպանության գործով Մոսկվայում բերման է ենթարկվել ՀՀ 2 քաղաքացի

«Արբատ» գումարտակի հրամանատար Արմեն Սարգսյանի սպանության գործով Մոսկվայում բերման է ենթարկվել ՀՀ 2 քաղաքացի

Մոսկվայում ՀՀ երկու քաղաքացի է բերման ենթարկվել Алые паруса էլիտար բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետաքննության շրջանակում, որի հետևանքով մահացել էր «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը․ հայտնում է Russia Today-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ձերբակալվել են 44-ամյա Արման Պ.-ն և 61-ամյա Հրաչյա Պ.-ն։ Ձերբակալվածների հարազատները հայտնել են, որ չգիտեն ձերբակալության պատճառները, սակայն կասկածյալներից մեկը կարողացել է հայտնել, որ իրեն ձերբակալել են պայթյունի հետ առնչություն ունենալու համար։

RT-ն տեղեկացնում է, որ հետաքննությունը մի քանի վարկած է դիտարկում։ Դրանցից մեկի համաձայն՝ սպանությունը կապված է Սարգսյանի բիզնես կոնֆլիկտի հետ։ Սակայն ուկրաինական հատուկ ծառայությունների մասնակցության վարկածը համարվում է առաջնահերթ․ 2023 թվականից «Արբատ» գումարտակը Ռուսաստանի պաշտպանության նախարարության կազմում է և մասնակցում է հատուկ գործողություններին։ Աղբյուրները պնդում են, որ ուկրաինական հետախուզությունը մի քանի ամիս ծրագրում էր Սարգսյանին «չեզոքացնելու» գործողություն։

Կասկածյալներ Արմանը և Հրաչյան նախկինում սպորտային-պարահանդեսային պարերով են զբաղվել։ Նրանցից մեկը պրոֆեսիոնալ պարող է, մյուսը՝ պարուսույց։ Արմանը նաև վարսավիրանոց ունի Մոսկվայի մարզում։ Ձերբակալվածների հարազատները պնդում են, որ տղամարդիկ չէին կարող ներգրավված լինել հանցագործության մեջ, սակայն նրանց կապը ենթադրյալ ահաբեկիչ Պարույր Մ.-ի հետ, ում հանդիպել են երեկույթի ժամանակ, կասկածներ է հարուցում քննիչների մոտ։

Գործով մեղադրյալներից ոչ մեկը, այդ թվում՝ ենթադրյալ պայթյունը կատարողը, նախկինում Ռուսաստանում կամ Հայաստանում հետախուզման մեջ չի եղել։ Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ Ռուսաստանից պաշտոնական ծանուցումներ չեն ստացել իրենց քաղաքացիների կալանավորման մասին։ ՌԴ Քննչական կոմիտեն հրաժարվել է մեկնաբանել հետաքննության ընթացքը։