05 Մար
2025
0.1° c ԵՐԵՎԱՆ
-3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն հութիների շարժումը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն․ Ռուբիո

ԱՄՆ-ն հութիների շարժումը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն․ Ռուբիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն՝ Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա շարժումը պաշտոնապես ճանաչվել է որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն․ РИА Новости գործակալության փոխանցմամբ այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ավելի վաղ «Անսար Ալլահի» աղբյուրը գործակալությանը հայտնել էր, որ իրենք դիտարկում են ամերիկյան որոշման հնարավոր պատասխան միջոցներ, որոնց թվում են ԱՄՆ նավերի համար Բաբ-էլ-Մանդեբի նեղուցն անցնելու արգելքը և Եմենում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը:

«Այսօր Պետդեպարտամենտն իրականացնում է նախագահ Թրամփի առաջին խոստումներից մեկը, որը նա տվել է պաշտոնը ստանձնելիս։ Ուրախ եմ հայտարարել, որ «Անսար Ալլահ» կազմակերպությունը, որը սովորաբար կոչվում է հութիներ, Պետդեպարտամենտը ներառել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում»,-հայտարարել է պետքարտուղարը։

Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն նպատակ ունի համագործակցել տարածաշրջանային գործընկերների հետ՝ խմբավորմանը զրկելու հարձակումներ իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսներից և դադարեցնելու նրանց գործողություններն ընդդեմ ամերիկյան քաղաքացիների, գործընկերների և Կարմիր ծովում նավագնացության:

Թրամփի համապատասխան հրամանագրում նշվում է, որ հութիները, որոնց իբր աջակցում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, անվտանգության և տարածաշրջանային կայունության սպառնալիք են: 2023 թվականից ի վեր նրանք Կարմիր ծովում բազմիցս գնդակոծել են ամերիկյան ռազմանավերը, իսկ 2014 թվականից պայքարում են Եմենի օրինական կառավարության դեմ՝ գրավելով երկրի խոշոր քաղաքները: Բացի այդ, ինչպես նշվում է, հութիները գրոհել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիական օբյեկտները, 2022 թվականին հարվածներ հասցրել ԱՄԷ օդանավակայաններին և 2023 թվականին ավելի քան 300 արկ արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ։