
Արգենտինայի մայրաքաղաքում բողոքի ակցիան վերածվել է զանգվածային անկարգությունների․ կան ձերբակալվածներ
Բուենոս Այրեսում զանգվածային բողոքի ցույցեր են: Ակցիայի մասնակիցները կենսաթոշակառուներն են, ովքեր պահանջում են կենսապայմանների բարելավում: Նրանց աջակցություն են հայտնել նաև ֆուտբոլիստները։
Շուրջ 2000 մարդ կենտրոնական և հարակից փողոցներում իր դժգոհությունն է հայտնել ցածր կենսաթոշակի ու վատ պայմանների համար։ Ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ուժային կառույցների ներկայացուցիչների ու ցույցի մասնակիցների միջև։
Երիտասարդները փայտեր, շշեր ու քարեր են նետել իրավապահների ուղղությամբ։ Ի պատասխան՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։ Ցուցարարները փորձել են բարիկադներ սարքել և հրկիզել ոստիկանական մեքենաներ և աղբամաններ։ Զանգվածային անկարգությունների ֆոնին ձերբակալվել է 150 քաղաքացի․ հայտնել է երկրի Անվտանգության նախարարը: Նրա խոսքով՝ տուժել է 15-17 ոստիկան։ «Մարդկանցից շատերը, ովքեր եկել էին այս ցույցին՝ երկրպագուներ, ձախակողմյաններ, եկել էին պատրաստ՝ սպանելու», – հայտարարել է նախարարը։