16 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում ավելացել են ավտոմեքենաները, ավելացել են էքսպոնենցիալ տեմպով և մի պարզ պատճառով՝ ՀՀ-ում տնտեսությունն աճում է․ Տիգրան Ավինյան

Երևանում ավելացել են ավտոմեքենաները, ավելացել են էքսպոնենցիալ տեմպով և մի պարզ պատճառով՝ ՀՀ-ում տնտեսությունն աճում է․ Տիգրան Ավինյան

Երևանում երթևեկության խնդիրների լուծման համար անհրաժեշտ է քննարկել քաղաքում երթևեկող ավտոմեքենաների քանակի սահմանափակման հնարավորությունը, տրանսպորտային տարբեր կարգավորումներ սահմանել և փոխել մեքենա վարելու մշակույթը․ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Երևանում ավելացել է ինչպես հանրային տրանսպորտից օգտվողների, այնպես էլ մասնավոր մեքենաների թիվը։ Հանրային տրանսպորտում, ըստ նրա, օրական իրականացվում է մոտ 530 հազար վալիդացիա, ինչը շուրջ 10 տարվա վաղեմության ցուցանիշից 60-70 տոկոսով ավելի է։

«Երևանում ավելացել են ավտոմեքենաները, ավելացել են էքսպոնենցիալ տեմպով, և ավելացել են մի պարզ պատճառով՝ ՀՀ-ում տնտեսությունն աճում է, ՀՆԱ-ն ավելանում է, աշխատատեղերն ավելանում են, մարդիկ ավելի շատ գումար են վաստակում և, այո, գնում են մեքենա»,- ասաց քաղաքապետը։

Արդյո՞ք շենքերն ու շինթույլտվություններն ավտոմատ կերպով ազդում են երթևեկության վրա․ «Ո՛չ, միանշանակ ո՛չ։ Շենքերի մեջ ավտոմատ կերպով մարդիկ չեն ծնվում, այդ շենքերի ավտոկայանատեղիներով ավտոմատ կերպով ավտոմեքենաներ չեն հայտնվում։ Ավտոմեքենաներ հայտնվում են այն դեպքում, երբ մարդիկ աշխատում են գումար ու գնում են նոր ավտոմեքենա, և, միգուցե իրենց հին բնակարանից, որտեղ չունեին ավտոկայանատեղի, տեղափոխվում են նոր շենք, որն ունի ավտոկայանատեղի»։

Նրա խոսքով՝ Երևանի բնակչության թվաքանակի ավելացման պատճառներից մեկը 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հազարավոր ընտանիքների՝ մայրաքաղաքում հաստատվելն է։

Ավինյանի խոսքով՝ մասնավոր մեքենաների մեծ քանակն արդեն սահմանափակում է հանրային տրանսպորտի բնականոն աշխատանքը։ Մասնավորապես՝ պիկ ժամերին ավտոբուսներն ու տրոլեյբուսները չեն կարողանում ժամանակին հասնել կանգառներ, ինչի հետևանքով ուղևորները ստիպված են լինում հերթեր գոյացնել։

Քաղաքապետը խնդիր համարեց նաև վարորդների երթևեկության մշակույթը՝ նշելով, որ խաչմերուկների փակումը, երկրորդ գծում կայանելը և ճանապարհային այլ խախտումները կարող են կաթվածահար անել քաղաքի երթևեկությունը։

Ավինյանն անդրադարձավ նաև պարեկային ծառայության աշխատանքին՝ նշելով, որ ծառայությունը ծանրաբեռնված է մի շարք գործառույթներով, որոնք խոչընդոտում են դրա հիմնական առաքելության իրականացմանը։

Նրա խոսքով՝ պարեկները պետք է առաջին հերթին զբաղվեն ճանապարհային երթևեկության կարգավորմամբ և խոչընդոտների արագ վերացմամբ, այլ ոչ թե ներգրավվեն ավտովթարներից հետո մեղավորության և ապահովագրական փոխհատուցումների հարցերի պարզաբանման գործընթացում։

Անի Աբաղյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ