
Թշնամու տարածք․ ԱՄՆ-ն կրկին փակեց իր դռները Իրանի քաղաքացիների առջև
Թրամփն ամռանը չի հանգստանում: Մինչև շատերը կարծում էին, թե 80-ամյա նախագահն ավարտել է ինչ-որ կառույցներ փակելու, կասեցնելու գործունեությունն ու անցել էր ավելի լուրջ հարցերի, օրինակ՝ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելուն, Թրամփը նոր որոշում ունի. հրամանագիր է ստորագրել, որով արգելել է 12 երկրի, այդ թվում՝ Իրանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ:
Իրանի, Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթի, Լիբիայի, Սոմալի, Սուդանի և Եմենի քաղաքացիներ ենթարկվել են մուտքի ամբողջական արգելքի։ Եվս յոթ երկրի քաղաքացիների համար սահմանվել է մուտքի մասնակի արգելք: Ու որքան էլ զարմանալի է, Իրան-ԱՄՆ բանակցությունների ֆոնին Վաշինգտոնը Թեհրանին ներառել է «ահաբեկչության պետական հովանավոր» երկրների ցանկում, ինչն էլ հիմք է հանդիսացել մուտքի արգելքի կիրառման համար։
Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ այս գործողության պատճառը հակասեմական հարձակումն էր: Օրեր առաջ, ԱՄՆ-ում կնոջ և երեխաների հետ անօրինական բնակվող 45-ամյա եգիպտացին «Ազատություն Պաղեստինին» գոռալով՝ Մոլոտովի կոկտեյլ էր նետել ամբոխի վրա։ Վիրավորվել էր տասնհինգ մարդ, այդ թվում՝ Հոլոքոստը վերապրած թոշակառու։ Թրամփն այսպիսով, իբրև թե պաշտպանում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը՝ կանխելով «արտասահմանյան ահաբեկիչների» մուտքը