
Բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչը կաշառք է ստացել հղիության ապօրինի ընդհատման համար
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ մարզային բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչն իրեն դիմած կնոջ՝ 28-30 շաբաթական հղիությունն ապօրինի ընդհատելու համար նրանից կաշառք է ստացել և իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթում կեղծ տվյալներ մտցրել՝ դեպքը ներկայացնելով որպես վիժում. հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված կինը, որոշելով ընդհատել հղիությունը, դիմել է մարզային բժշկական կենտրոններից մեկի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին, ով, հղիությունն արհեստական ընդհատելու համար 2025 թվականի հունվարի 8-ին հիշյալ կնոջից պահանջել և ստացել է 300.000 ՀՀ դրամ կաշառք:
Առձեռն ստանալով կաշառքը՝ նույն օրը բժշկուհին կատարել է հղիության արհեստական ընդհատում, որից հետո՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված իրավական հիմքի բացակայության պայմաններում կատարած արարքին օրինական տեսք տալու նպատակով, վերը նշված կնոջ բժշկական քարտում կեղծ տեղեկություններ է մտցրել այն մասին, որ նրա հղիությունը եղել է 17-18 շաբաթական:
Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքիով, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: