
Արսեն Ղուկասյանը միայն սրտի մասով ունի 9 ծանր հիվանդություն, որոնք անհամատեղելի են կալանքի հետ․ փաստաբան
Սրտաբանի հետ ունեցած խորհրդակցության արդյունքում արձանագրեցինք, որ Արսեն Ղուկասյանը միայն սրտի մասով ունի 9 ծանր հիվանդություն, որոնք Կառավարության N 825-Ն որոշմամբ թվարկված են որպես կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ․ գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Այլևս ճշմարտություն է, որ մեր երկրում խափանման միջոց նախատեսված կալանքը որպես պատիժ է կիրառվում իշխանությունների հանդեպ բողոք ունեցող ցանկացած մարդու հանդեպ. ու սա անկախ նրանից՝ զոհվածի, թե անհայտ կորած մարդու հարազատ ես, թե ծանր հիվանդություն ունես։ Մարդասպաններն ու գողերը կարող են ազատության մեջ մնալ, արդարացի բողոք ունեցողները պիտի կալանավորվեն»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել էին անհետ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը։
Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Հոկտեմբերի 7–ին Արսեն Ղուկասյանը կալանավորվել է 1 ամիս ժամկետով։