
«Իսլամական պետությանը» ֆինանսավորելու համար մեղադրվող տղամարդը կարող է ներգրավված լինել Հայաստանում չեչենուհու սպանության մեջ
Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովայի գործով հնարավոր կասկածյալների ինքնությունները հայտնի են։ 32–ամյա Սաիդ-Խամզատ Բայսարովը դուրս է եկել այն բնակարանից, որտեղ Այշատ Բայմուրադովայի դիակը հայտնաբերվել էր նրա սպանության օրը․ գրել է «Осторожно, новости» տելեգրամյան ալիքը ՝ հղում անելով մահացածի հարազատներին։
Սաիդ-Խամզատ Բայսարովը 2018 թվականին Ռուսաստանում մեղադրվել է «Իսլամական պետությանը» ֆինանսավորելու համար, սակայն Մոսկվայի դատարանը կարճել էր գործը։ Բայսարովին նաև մեղադրանք էր առաջադրվել ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու և կողոպուտի համար։ Նրա հայրը գործարար է Գրոզնիում։
«Осторожно, новости»-ի տվյալներով՝ Հայաստանի ոստիկանությունը Բայսարովին նույնականացրել է տեսախցիկների միջոցով։ Նա մեկ այլ անձի՝ հավանաբար Կարինա Իմինովայի հետ դուրս է եկել այն բնակարանից, որտեղ հայտնաբերվել է Այշատի դիակը։
СК SOS ճգնաժամային խումբը հայտարարել է, որ «հետաքննությունը գիտի այդ մարդկանց անունները», բայց նրանց նկատմամբ հետախուզում չի հայտարարվել, հետևաբար նրանք կարող էին հեշտությամբ լքել Հայաստանը։
«Սա մտահոգություններ է առաջացնում, որ գործը պարզապես կփակվի։ Սպանության գործ է հարուցվել, կան վկաների ցուցմունքներ և տեսախցիկների տեսագրություններ։ Հանցագործության վայրում ֆիքսվել են երկու անձ, որոնք հետո արագ հեռանում են։ Սովորական դեպքում՝ նրանց նկատմամբ անմիջապես կհայտարարվեր հետախուզում»,- հայտարարել են իրավապաշտպանները։
Հիշեցնենք, որ Այշատ Բայմուրադովան Ռուսաստանից մեկնել է Հայաստան՝ ընտանեկան բռնության պատճառով։ Նա հոկտեմբերի 15-ի երեկոյան չի վերադարձել զբոսանքից և դադարել է պատասխանել հեռախոսազանգերին։ Հոկտեմբերի 20-ին ոստիկանությունը հայտնել է, որ նրան մահացած են գտել քաղաքի կենտրոնում գտնվող վարձակալած բնակարանում։
Հայ իրավապաշտպանները պահանջել են Այշատ Բայմուրադովայի սպանության անկախ և թափանցիկ հետաքննություն։ Նրանք նշել են, որ Բայմուրադովայի մահը հիշեցում է այն մասին, որ «բռնությունից փախչող կանայք դեռևս լիովին անվտանգ չեն նույնիսկ այն վայրերում, որտեղ նրանք պաշտպանություն են փնտրում»։


