
Առաջին չեչեն կինն է, ով սպանվել է ՌԴ-ի սահմաններից դուրս՝ երկրից փախչելուց հետո․ ո՞վ էր ՀՀ-ում սպանված Այշատը․ BBC
Հայաստանում սպանված Այշատ Բայմուրադովան առաջին չեչեն կինն է, որն սպանվել է Ռուսաստանի սահմաններից դուրս՝ հանրապետությունից փախչելուց հետո: Սովորաբար, ընտանեկան բռնությունից փախչող չեչեն կանանց առաջինը փնտրում է նրանց ընտանիքը: Հարազատները կարող են նրանց հորդորել վերադառնալ, սպառնալ և նույնիսկ առևանգել: Սակայն այս անգամ մարդու իրավունքների պաշտպանները կասկածում են, որ Այշատի ընտանիքը կապ ունի միջադեպի հետ․ գրել է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ինչպես նշվել է, ՀՀ-ում նա ներկայանում էր որպես Ալեքս։ Նա իր հայ ընկերներին պատմել է, որ մեծացել է խիստ կրոնական միջավայրում. օրինակ՝ հայրը խստորեն պատժել է Այշատին, եթե նա դպրոցում փորձել է շփվել տղաների հետ։
Աղջկա խոսքով՝ ինքը չորս տարեկանից բռնության է ենթարկվել հոր կողմից։ Այշատը պնդում էր, որ իր հայրը՝ Ալիխան Բայմուրադովը, «թոշակառու զինվորական» է։ Այշատ Բայմուրադովան պատմել է, որ երբ նա 20 տարեկան է դարձել, իրեն ամուսնացրել են հրաձգության 29-ամյա մարզչի հետ, ում հարսանիքից առաջ տեսել էր ընդամենը մի քանի անգամ: Հետագայում նա պատմել է, որ ամուսինը ծեծել է իրեն, փակի տակ պահել, տանը տեսախցիկներ տեղադրել՝ իրեն հետևելու համար և արգելել հեռախոս օգտագործել: Այս ամուսնությունից Այշատը որդի է ունեցել:
Այշատի ընկերուհին՝ Մարիան, գործակալության հետ զրույցում նշել է, որ ՀՀ փախչելուց հետո նա հասկանում էր, որ իր որդին այլևս իրենը չէ, որ երբեք չի կարողանա նրան հանել Չեչնիայից։ Եվ նրա ներսում եղած Չեչնիան նույնպես երբեք չէր անհետանա։ Նա գիտեր, որ իր ամուսինը և նրա ընտանիքը կխորտակեին երեխայի հոգեբանությունը և կհամոզեին որդուն, որ նրա մայրը դավաճան է։
Չեչնիայից փախչելու համար Այշատը նամակներ է գրել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի կազմակերպությունների: Երեխաներ ունեցող կանանց օգնող որոշ կազմակերպությունների նա պատմել է իր որդու մասին: ԼԳԲՏ+ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մյուս կազմակերպություններին նա գրել է, որ տրանսգենդեր է:
СК SOS մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբն անցյալ տարվա վերջին օգնել է Այշատին տարհանվել: Մարդու իրավունքների պաշտպանները նրան առաջին երեք ամիսների ընթացքում ապահովել են գումարով և բնակարանով. այս ժամանակը տրվում է երիտասարդ կանանց՝ վերականգնվելու և աշխատանք գտնելու համար: Դրանից հետո նրանք դուրս են գալիս ծրագրից և ապրում են ինքնուրույն:
Մարդու իրավունքների պաշտպանները վախենում էին, որ նրա հարազատներն անպայման կփորձեն աղջկան տուն բերել, բայց դա տեղի չունեցավ։ Այշատն ինքը գրեց իր ընտանիքին։
«Նրանք կարճ նամակներ փոխանակեցին՝ սկզբում խնդրելով նրան վերադառնալ և ասելով, որ ամեն ինչ այլ կլինի։ Երբ նա հրաժարվեց, նրանք էլ հրաժարվեցին Այշատից. դու այլևս դուստր չես, կին չես, մենք քեզ չենք դիպչի, և դու էլ մեզ մի դիպչիր», – նշել է Ալեքսանդրա Միրոշնիկովան՝ СК SOS խմբի մամուլի քարտուղարը։ Ի տարբերություն փախուստից հետո մեկուսի կյանք վարող աղջիկների մեծամասնության՝ Այշատն ակտիվորեն սոցիալական ցանցերում հաշիվներ էր վարում իր անունով, չէր թաքցնում դեմքը և քննադատում էր Չեչնիայի պատրիարխալ համակարգը, կրոնը, չեչեն տղամարդկանց և իր սեփական ընտանիքը։
«Հայրի՛կ, գիտեմ, որ դու հավանաբար հետևում ես ինձ, ինչպես նախկինում։ Ես հենց նոր երազ տեսա, որտեղ դու ասացիր ինձ, որ ոչ մեկին չպատմեմ քո մասին, կարեկցեմ քույրերիս ու եղբայրներիս, որովհետև մի օր նրանք մեծահասակ կդառնան ու կկարդան այս ամենը։ Եվ երբ ես երազում հարցրի քեզ, թե ինչու՞ չէիր կարեկցում ինձ, երբ ես չորս տարեկան էի, դու, ինչպես միշտ, գոռացիր ինձ վրա. ինձ թվում էր, թե դա իրական է», – գրել է Այշատը Ինստագրամում։
Այշատը քննադատել է ինչպես մյուս չեչեններին, այնպես էլ անձամբ Ռամզան Կադիրովին։ Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել Այշատին ավելի զգույշ լինել իր հրապարակային հայտարարություններում։
«Սա, անշուշտ, այնպիսի բան չէ, որը Չեչնիայից փախած անձը կարող է իրեն թույլ տալ։ Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև՝ եվրոպական երկրներին։ Չեչնիայից փախած մարդիկ կա՛մ վարում են լիովին անձնական կյանք, կա՛մ զգուշորեն թաքցնում են իրենց գտնվելու վայրը՝ չշփվելով անծանոթների հետ», – նշել է Ալեքսանդրա Միրոշնիկովան։
Հոկտեմբերի 15-ին Այշատը գնացել էր ընկերոջ հետ հանդիպելու: Բայմուրադովայի ծանոթներից մեկը պատմել էր, որ ժամը 1-ից 2-ը Այշատը տեսանյութեր էր հրապարակել, որտեղ նա վիսկի էր խմում ընկերուհու բնակարանում: Ժամը 3-ից հետո Ալեքսը դադարել է պատասխանել զանգերին: Այշատ Բայմուրադովան այդ օրը տուն չի վերադարձել:
Հայաստանի ոստիկանությունն աղջկա որոնումները սկսել է հոկտեմբերի 17-ին։ Երկու օր անց ոստիկանությունը զանգ է ստացել. մի տղամարդ հայտնաբերել էր Այշատի մարմինը՝ իր վարձակալած բնակարանում։
Ընկերուհին, ում հետ հանդիպումից հետո Այշատը անհետացել է, Կարինա Իմինովան է։ Չնայած որոշ լրատվամիջոցներ պնդում էին, որ սա աղջիկների առաջին անձնական հանդիպումն էր, Այշատի Ինստագրամի էջում կա նրանց միասին լուսանկար, որը թվագրված է սեպտեմբերի 20-ով։ Գրառման մեջ գրված է. «Իմ սեփականը»։
Իմինովան, պնդում է, որ Դաղստանից է, բայց իրականում ծնվել է Ղրղզստանի Օշ քաղաքում: Իմինովան բարձրագույն կրթություն չունի և գործազուրկ է, բայց ունի մի քանի թանկարժեք արտասահմանյան մեքենաներ: Важные истории-ի տվյալներով՝ նա բնակարան ունի Մերձմոսկովյան Կրասնոգորսկում, սակայն բաց աղբյուրների համաձայն՝ անցյալ տարվա վերջի դրությամբ՝ Կարինա Իմինովան բնակվում էր էլիտար «Մոսֆիլմովսկի» բնակելի համալիրում:
BBC-ի աղբյուրը, որը հասանելիություն ունի թռիչքների տվյալների բազային, հայտնել է, որ Կարինա Իմինովան վերջին տարիներին մի քանի անգամ թռել է Հայաստան, բայց հիմնականում այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Агентство հրատարակությունը նշել է, որ Կարինայի լուսանկարը տեղադրվել է մոդելային կայքում՝ Ջամիլիա Դ. կեղծանվամբ: Նույն լուսանկարները կարելի է գտնել նաև Մոսկվայում սեռական ծառայություններ առաջարկող կայքերում:
Կարինա Իմինովային ֆիքսել են տեսախցիկներն այն տան մոտ, որտեղ հետագայում հայտնաբերվել է Այշատի մարմինը։ Նրա հետ միասին եղել է մի տղամարդ։ Իրավապաշտպանների խոսքով՝ նրանք երկուսն էլ արդեն մեկնել են Ռուսաստան։
Կարինան, ըստ Այշատի ընկերների, Բայմուրադովայի հետ ծանոթացել է սոցիալական ցանցերում, որից հետո եկել է Հայաստան և սկսել է Այշատին հրավիրել երեկույթների։ Մարդու իրավունքների պաշտպաններն այժմ պնդում են, որ Կարինա Իմինովան փորձել է հանդիպել Չեչնիայից փախած տարբեր մարդկանց հետ և հրավիրել նրանց հանդիպումների: Այշատ Բայմուրադովայի սպանությունից հետո Կարինան լքել է Հայաստանը, ջնջել է իր WhatsApp հաշիվը և դադարեցրել հեռախոսազանգերին պատասխանելը: «Մենք չգիտենք՝ աղջիկը ներգրավված է եղել Այշատի մահվան մեջ, թե ո՛չ, բայց նա միջադեպի կարևոր վկա է», – նշել է СК SOS-ը:
Ռուս իրավապաշտպանները ստորագրահավաք են սկսել՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին անցկացնել մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն: Կանանց նկատմամբ բռնության վերացման կոալիցիայի անդամ տասը հայկական կազմակերպություններ միացել են նախաձեռնությանը: Մեկ օր անց Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հարցում է ուղարկել Քննչական կոմիտե՝ գործի վերաբերյալ վերջին տեղեկությունները ստանալու համար, իսկ վարչապետի գրասենյակը կապ է հաստատել երկրի գլխավոր դատախազի հետ:


