
Անվտանգության փոխարեն՝ այլ առաջնահերթություններ․ Ֆրանսիայի աուդիտի գրասենյակը Լուվրի վերաբերյալ զեկույց է հրապարակել
Ֆրանսիայի աուդիտի գրասենյակը հայտնել է, որ Լուվրի թանգարանն անվտանգության ապահովման փոխարեն առաջնահերթություն է տվել թանգարանի հավաքածուի համալրմանը․ գրում է Euronews-ը։
Նշվում է, որ այս ամենի հետևանքով հրդեհային անվտանգության ծրագրերը 20 տարի անավարտ են մնացել, տեսախցիկների տեղադրման հարցում նույնպես եղել են թերացումներ։
Հաշվետվության մեջ քննադատվել են թանգարանի ներդրումային առաջնահերթությունները տնօրեն Լորենս դե Կարի և նրան նախորդած տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսի օրոք՝ Լուվրի անվտանգության արդիականացման փոխարեն հովանավորների և լրատվամիջոցների համար գրավիչ նախագծերին նախապատվություն տալու համար։
Հաշվետվության մեջ ասվում է, որ «Մոնա Լիզա» ցուցասրահի համար լրացուցիչ մուտքեր ստեղծելու նախագծի արժեքը գերազանցել է 1 միլիարդ եվրոն։ Բացի այդ, հրդեհային անվտանգության գլխավոր նախագիծը մեկնարկից ավելի քան 20 տարի անց մնացել է անավարտ։
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին անցյալ ուրբաթ հրապարակել է Մշակութային գործերի գլխավոր տեսչության նախնական եզրակացությունները․ «ներխուժման և գողության ռիսկի կառուցվածքային թերագնահատում», «ոչ բավարար հագեցվածություն ունեցող անվտանգության համակարգեր», «անպատշաճ» կառավարում և «լիովին հնացած» արձանագրություններ։
Հիշեցնենք, որ աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանի կողոպուտը տեղի էր ունեցել հոկտեմբերի 19-ին։ Գողացված զարդերն ապահովագրված չեն եղել․ թանգարանը վնասը գնահատում է 88 միլիոն եվրո։

