ABCMEDIA
Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է միջազգային հանրության դերակատարներին

Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է միջազգային հանրության դերակատարներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով
դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի Գլխավոր
քարտուղարին, ԵԱՀԿ Գործող նախագահին, Եվրոպական Խորհրդի նախագահին, Եվրոպայի Խորհրդի
Գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ պահանջելով
ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կիրառել հրատապ ու գործնական
քայլեր՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի ապօրինի ու լիակատար շրջափակումը
և կասեցնելու Արցախի ժողովրդի դեմ իրագործվող զանգվածային հանցագործությունները և ահաբեկչությունը:Նամակների
տեքստում մասնվորապես ասվում է .

«Ես, որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ, Արցախի իշխանության
և ժողովրդի անունից այս հրատապ դիմումով ահազանգում եմ միջազգային հանրությանը Արցախում
ձևավորված ու խորացող անվտանգային ու հումանիտար ճգնաժամի մասին, որն արագորեն վերածվում
է աղետի: Այս վիճակը ձևավորվել է Ադրբեջանի կողմից իրականացված հետևյալ հանցավոր գործողությունների
հետևանքով.

2022 թ. դեկտեմբերի 12-ին Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող Լաչինի (Քաշաթաղի)
միջանցքի՝ Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի շուրջ 120,000 բնակչությունը
հայտնվել է շրջափակման մեջ: Բացի դրանից, Արցախի Հանրապետության շուրջ 30,000 քաղաքացիներ
զրկվել են հայրենիք վերադառնալու իրավունքի իրացման հնարավորությունից:

Այդ ժամանակվանից մարդկանց ու բեռների հումանիտար տեղաշարժը Լաչինի միջանցքով տեղի
է ունենում բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից՝
խիստ սահմանափակ ծավալով ու որոշակի պարբերական խափանումներով, իսկ Արցախի քաղաքացիների
մեքենաների տեղաշարժը լրիվությամբ արգելված է:

2023 թ. հունվարի 9-ից Ադրբեջանը խափանել է Հայաստան-Արցախ բարձրավոլտ միակ գծով էլեկտրամատակարարումը՝
այս 185 օրվա ընթացքում անընդմեջ կերպով հարուցելով Արցախում էներգետիկ ու հումանիտար
լրջագույն խնդիրների, էլեկտրամատակարարման ամենօրյա վեցժամյա հովհարային անջատումների,
էլեկտրականության սպառման ծավալների 48% նվազման և էլեկտրաէներգիայի արտադրության ու
մատակարարման տեղական համակարգերի հյուծման: Իսկ ահա 2022 թ. դեկտեմբերի 13-ից պարբերաբար,
իսկ մարտի 21-ից գրեթե անընդմեջ կերպով Ադրբեջանը խափանել է Հայաստանից Արցախ միակ
գազամատակարարումը (հանրագումարային 148 օր շարունակ)՝ դրանով խորացնելով էներգետիկ
ու հումանիտար ճգնաժամը:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Լաչինի
միջանցքում՝ արդեն պաշտոնապես ու անթաքույց կերպով մեկնարկելով ռազմական, կոշտ ու կամայական
հսկողություն բոլոր տեղաշարժերի հանդեպ:

Հունիսի 15-ից հետևել է Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը Ադրբեջանի կողմից՝
բացարձակապես արգելելով նույնիսկ Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից որևէ անձի ու
ապրանքի (ներառյալ՝ սննդի, դեղորայքի, հիգիենայի պարագաների, վառելիքի) երկկողմանի
փոխադրումը:

Հունիսի 25-ից հուլիսի 10-ը խիստ սահմանափակ ծավալներով վերականգնվել էր միայն Կարմիր
խաչի միջոցով հրատապ խնդիրներ ունեցող բուժառուների տեղափոխումը Հայաստանի բժշկական
կենտրոններ, ինչպես նաև որոշակի դեղորայքի ներկրումն Արցախ, իսկ հուլիսի 10-ից Կարմիր
խաչի տեղաշարժը կրկին արգելափակված է:

Այս ողջ ընթացքում Ադրբեջանը կիրառել է ուժ և ուժի սպառնալիք Արցախի ժողովրդի հանդեպ՝
էթնիկ ատելության ու ահաբեկչության ակնհայտ դրսևորումներով և էթնիկ զտման անթաքույց
նպատակով:

Հատկապես հունիսի 15-ից բոլոր հումանիտար մատակարարումների կասեցման և բացառապես ներքին
պաշարների օգտագործման հետևանքով օրեցօր սրվում է հումանիտար վիճակը

Նման պայմաններում ցավով արձանագրում ենք, որ Ադրբեջանը հանցավոր դիտավորությամբ չի
կատարում և շարունակաբար ոտնահարում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության
դրույթները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումը,
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի հրամանները,
ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների ու բազմաթիվ պետությունների պահանջներն
ու հորդորները: Ավելին, միջազգային անպատժելիությամբ խրախուսված Ադրբեջանը հետևողականորեն
զարգացրել է իր ագրեսիվ ու հանցավոր գործողությունները»: