
Ճապոնիայում վերջին 50 տարվա ընթացքում բռնկված ամենամեծ հրդեհը ոչնչացրել է 170 շինություն
Ճապոնիայի հարավային ափամերձ Օիտա քաղաքում բռնկված հրդեհը ոչնչացրել է ավելի քան 170 շինություն և խլել մեկ մարդու կյանք․ գրում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ ռազմական և հրշեջ ծառայության ուղղաթիռները փորձում են մարել երկրի գրեթե կես դարի ընթացքում ամենամեծ քաղաքային հրդեհը։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուժեղ քամիների պատճառով կրակը հասել է նաև մոտակա անտառապատ տարածքներ և ափից ավելի քան մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող անմարդաբնակ կղզի։
Նշվում է, որ հրդեհն սկսվել է երեքշաբթի երեկոյան և այրել է 48,900 քմ տարածք (մոտավորապես յոթ ֆուտբոլային դաշտի չափ տարածք)։
Ճապոնիայի հրդեհների և աղետների կառավարման գործակալությունը հայտնում է, որ կրակի պատճառով Տոկիոյից մոտ 770 կմ հարավ-արևմուտք գտնվող շրջանի 175 բնակիչ ստիպված է եղել փախչել արտակարգ իրավիճակների համար նախատեսված ապաստարաններ։
Հրդեհի բռնկման պատճառը պարզվում է։


