
Էփշտեյնի «վայրի երեկույթների» կղզին․ ի՞նչ է հայտնի (տեսանյութ)
Ջեֆրի Էփշտեյն․ մարդ, որը նույնիսկ իր մահից հետո խառնեց աշխարհը։ Մարդ, որը նախընտրում էր շփվել միայն նրանց հետ, ովքեր ունեն 1 միլիարդ դոլար․ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է սկանդալային ֆինանսիստի դեմ հարուցված քրեական գործի ևս 3 միլիոն ֆայլ՝ կոմպրոմատներ՝ աշխարհը կառավարող անձանց ու միլիարդատերերի դեմ։
Ավելի քան 3 միլիոն էջ, որտեղ առկա է 2000 տեսանյութ և 180․000 լուսանկար, մեծ մասը՝ ինտիմ բնույթի։
Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների, մարմնավաճառության կազմակերպման և այլ հանցագործությունների համար մեղադրվող ֆինանսիստն իր կղզում հարուստների համար փարթիներ էր կազմակերպում և աղջիկներ «մատակարարում»։
Իսկ ո՞վ էր նա․ Բրուքլինում ծնված և քոլեջը թողած Ջեֆրի Էփշտեյնը կարողացավ մտնել հարուստների և ազդեցիկ մարդկանց շարքերը՝ աշխատելով Bear Stearns ներդրումային բանկում 1980-ականներին։ 2019 թվականին բանտում ինքնասպանության պահին նա իր հաշիվներին ուներ 578 միլիոն դոլար, թանկարժեք անշարժ գույք, Կարիբյան ավազանում երկու մասնավոր կղզի և գրեթե 380 միլիոն դոլար՝ կանխիկ և ներդրումների տեսքով։
Էփշտեյնի գործի նյութերում ներառված է 100-ից ավելի անուն. նա եղել է նրանցից շատերի ներդրումային և ֆինանսական խորհրդատուն՝ օգնելով նրանց խուսափել հարկերից և վերականգնել կորցրած միջոցները։ Ներառված անձանցից շատերը եղել են նրա կղզիներում, օգտվել առաջարկվող սեքս ծառայություններից, իսկ շատերի գաղտնի նամակագրությունն է բացահայտվել։
Ի դեպ, գաղտնազերծել փաստաթղթերը հանձնարարել է Դոնալդ Թրամփը՝ քրեական գործում շրջանառվող առանցքային անուններից մեկը։
ԱՄՆ ներկայիս առաջին տիկնոջ հետ Թրամփին ծանոթացրել է հենց Էփշտեյնը։ Այդ մասին ցուցմունք է տվել Էփշտեյնի նախկին օգնականը, որի ինքնությունը չի բացահայտվում։
«Էփշտեյնն է Մելանյա Թրամփին ծանոթացրել Դոնալդ Թրամփի հետ», – նշել է նա։
Թեև դեպի կղզի թռիչքների տվյալները ցույց են տվել, որ Թրամփը 1993-1996 թվականներին առնվազն 8 անգամ եղել է Էփշտեյնի ինքնաթիռի ուղևոր, նա կտրականապես հերքում է․ «Ես երբեք չեմ եղել Էփշտեյնի կղզում, նույնիսկ՝ դրա մոտակայքում, և մինչ այսօրվա կեղծ և զրպարտչական հայտարարությունը երբեք չեմ մեղադրվել այնտեղ գտնվելու համար՝ նույնիսկ կեղծ լրատվամիջոցների կողմից»։
2017 թվականի նամակներից մեկում անձամբ Էփշտեյնը Թրամփին անվանել է «վտանգավոր մարդ»։
«Ես հանդիպել եմ շատ վատ մարդկանց, բայց նրանցից ոչ մեկն այնպիսին չի եղել, ինչպիսին Թրամփն է։ Նրա մարմնում չկա և ոչ մի լավ բջիջ»,- գրել է Էփշտեյնը նամակում։
Հրապարակված փաստաթղթերում Թրամփից զատ շրջանառվում են նաև այլ անուններ՝ Բիլ Քլինթոնն ու նրա կինը, Մեծ Բրիտանիայի՝ արդեն նախկին արքայազն Էնդրյուն, Բիլ Գեյթսը, Իլոն Մասկը, Ռիչարդ Բրենսոնը, շատ պետությունների ղեկավարներ, անգամ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Էփշտեյնի ֆայլերում Զելենսկին հիշատակվում է մոտ 70 անգամ։
Համացանցում տարածվում են լուրեր, թե Զելենսկին կապված է Էփշտեյնի և Ուկրաինայում աղջիկների ու երեխաների առևտրի հետ. իբր նա թույլ է տվել մոդելային գործակալ Ժան-Լյուկ Բրունելին աղջիկներին դուրս բերել Ուկրաինայից։ Սակայն այս տեղեկությունը հաստատված չէ։
Էփշտեյնի ֆայլերում բացահայտվել են նաև քաղաքական թեմաներ․ նաև Թուրքիայի «վերջնագիրն» Ասադին՝ մինչև Սիրիայի պատերազմի սրացումը։
Փաստաթուղթը նկարագրում է 2011 թվականի Սիրիայի ճգնաժամի ամենաթեժ փուլում տեղի ունեցած հեռախոսազրույցը Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի և ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Բան Կի Մունի միջև։
Համաձայն փաստաթղթերի՝ Դավութօղլուն Ասադին ներկայացրել է երկու սցենար՝
- անհապաղ և հստակ ժամկետներով քաղաքական բարեփոխումների ճանապարհային քարտեզ,
- կամ շարունակել ուժային ճնշման գիծը, ինչը կհանգեցնի միջազգային մեկուսացման՝ ինչպես ժամանակին մեկուսացվել են Սադդամ Հուսեյնն ու Մուամար Քադաֆին։
Այս փաստաթղթերի պատճառով անգամ իր թագավորական տիտղոսներից է զրկվել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի եղբայրը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը։ Նա ստիպված է եղել գիշերով տեղափոխվել իր շքեղ առանձնատնից։
«Հեռանալը նրա համար այնքան նվաստացուցիչ էր, որ նա որոշեց դա անել գիշերը»,- գրում է The Sun-ը։
Թե որտեղի՞ց են այս նամակները հայտնվել ֆինանսիստի մոտ, մնում է գաղտնի։ Հստակ Է մի բան՝ սպասվում է կոմպրոմատների նոր արտահոսք։


