Միջազգային իրավապաշտպանների մեծ թիմ է աշխատում Ռուբեն Վարդանյանին և արցախցի այլ բանտարկյալներին ազատելու ուղղությամբ․ Վերոնիկա Զոնաբենդ․ «Մեդիամաքս»
Սոցիալական ձեռներեց, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի
տիկին Վերոնիկա Զոնաբենդը բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին։
Հարցին՝ ինչ նորություններ ունի Ռուբեն Վարդանյանից, նրա
Զոնաբենդը պատասխանել է․ « Ռուբենից էական նորություններ չկան։ Շաբաթը մեկ անգամ
մեզ թույլ են տալիս շատ կարճ հեռախոսով խոսել։ Մեզ մտահոգում է, որ միջազգային փաստաբաններին
իր մոտ չեն թողնում։ Իհարկե, կարոտում ենք իր հետ շփումը։ Այս շաբաթ կլրանա Ռուբենի
կալանավորման երեք ամիսը։ Երեխաները տոկունությամբ դիմանում են այս իրավիճակին, իրենց
պարտքն են համարում նեցուկ լինել միմյանց եւ ինձ: Այս ընթացքում նրանք ավելի են հասունացել»։
Հարցին՝ ինչո՞ւ է նրա կալանավորումը նման լայն
ռեզոնանս առաջացրել ամբողջ աշխարհում, Վերոնիկա Զոնաբենդը պատասխանել է․
«Ռուբենը եղել եւ մնում է միաժամանակ գլոբալ եւ տեղական (անգլերեն glocal նորաբանություն-Մեդիամաքս)
եւ մասշտաբային անձնավորություն, անկախ նրանից, թե ինչպես են նրան փորձում «կանոնակարգել»
լրատվամիջոցներն ու առանձին մարդիկ։ Նա առաջնորդ է եւ վիզիոներ, որը վերլուծում է անցյալը
եւ գիտի, թե ինչպես տեսնել ապագայի միտումները՝ նախքան մեծամասնությունը կնկատի դրանք:
Դա թույլ է տալիս նրան կանխատեսել փոփոխությունները: Իր հարցազրույցներում ու ելույթներում
նա խոսում էր համաշխարհային գործընթացների մասին, որոնց մասին մարդիկ չէին էլ մտածում։
Դիտեք նրա 10-15 տարվա վաղեմության հարցազրույցները։ Զարմանալի է, թե որքան ճշգրիտ
էր նա կանխատեսում, թե ինչ է կատարվում հիմա, փորձում էր կանխել խնդիրները եւ խրախուսել
մյուսներին գոնե մտածել այդ մասին: Ռուբենը համաշխարհային մասշտաբի առաջնորդ է եւ լայն
կապեր ունեցող անձնավորություն։ Նրանք, ովքեր գործակցել են նրա հետ թե՛ բիզնեսում,
թե՛ մարդասիրական աշխատանքներում, հասկանում են նրան, վստահում են եւ տեսնում
նրա մտադրությունների անկեղծությունն այն ամենում, ինչ նա անում է։ Նա կատարում է այն
ամենն, ինչ ասում է, եւ չի ընդունում երկակի ստանդարտներ, որոնք, ավաղ, աշխարհում նորմ
են դարձել։ Ուստի զարմանալի չէ, որ այդքան մարդ աջակցում է նրան»։
Վարդանյանի կինը նշել է, որ իրավապաշտպանների մասնագիտական մեծ
թիմ է աշխատում Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբենին եւ արցախցի այլ բանտարկյալներին
ազատելու համար։