
Ինձ ոչ ոք, ոչինչ չի կարող ասել․ Տեր Օշինը՝ Ռուբինյանի հետ հանդիպման մասին
Սաղմոսավանք շատ մարդիկ են գալիս, ինքն էլ իրենցից մեկն էր՝ եկավ, գնաց․ ABC Media-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշինը՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի այցը։ Հարցին, թե ի՞նչ էր ուզում Ռուբինյանը՝ Տեր Օշինը պատասխանեց․
«Ինձնից ոչ ոք, ոչինչ չի կարող ուզել։ Ամեն ինչ նորմալ է, իմ մոտ ամեն բան լավ է։ Չեմ մեկնաբանում Ռուբինյանի գրառումը, հիմա ամեն ինչ կարող են հոգևորականի փոխարեն գրել ու հրապարակել՝ լրիվ սուտ»,- ասել է հոգևորականը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանն այսօր գրել էր, թե իրեն ծանոթ երիտասարդ զույգը պատմել է՝ Սաղմոսավանքի քահանա Տեր Օշինը հարցրել է՝ քավորը նորմա՞լ, թասիբո՞վ տղա է, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չի՞։
Միջադեպին անդրադարձել է նաև Արագածոտնի թեմի քահանաներից տեր Վրթանես Բաղալյանը։
«Մենք՝ բոլորս էլ ասում ենք, որ քավորը պիտի Հայ եկեղեցու անդամ լինի, Աստվածասեր լինի, հայրենատեր լինի, հավատավոր անձ լինի։ Տեր Հայրն այս ամենին ավելացրել է՝ պետք է հայրենավաճառ, դավաճան, ուրացող չլինի։ Ես էլ եմ այդ կարծիքին։ Այ, որ Ռուբինյանն այս ամենն իրենց վրա է վերցրել՝ ցավում եմ իր համար։ Տեր հայրը չի անձնավորել, որևէ մեկի մասին վիրավորական բան չի ասել, ընդամեն խոսել է եկեղեցասեր ու հայրենասեր քավոր ունենալու մասին։ ՔՊ-ականներից չգիտեմ՝ ով է պսակվող եղել, Ռուբինյանին ինչ է հասցրել։ Ռուբինյանը, եթե փաստեր ունի, ձայնագրություն ունի, որտեղ Տեր հայրը որևէ մեկին վիրավորում է՝ թող հրապարակի։ Տեր հոր ասածը կնենգափոխեն, համացանցում նրա հասցեին ինչ ասես կասեն իրենց ֆեյքերով ու քպ-ականներով»,- ասել է Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։


