26 Հլս
2024
20.7° c ԵՐԵՎԱՆ
13.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի կառավարիչը ստում է, նա Արցախը գիտակցաբար է զոհաբերել․ Սերժ Սարգսյան

Հայաստանի կառավարիչը ստում է, նա Արցախը գիտակցաբար է զոհաբերել․ Սերժ Սարգսյան

Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքն Արցախը զոհաբերել է գիտակցաբար. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի վերջին հարցազրույցին։

«Իր համար Արցախի հարցը մահակ էր Հայաստանի գլխին։ Ուղղակի ես չհասկացա, թե որ մահակների մասին է խոսքը կամ ովքեր էին այդ մահակները պարզել Հայաստան գլխին․ համանախագահնե՞րը, ովքեր հինգ անգամ գրավոր հայտարարություն են տարածել Արցախի վերջնական կարգավիճակի մասին, որ այն պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ։

Ո՞ւմ մասին էր խոսում, երբ ասում էր, թե մահակ է պարզել Հայաստանի գլխին, միգուցե այն երկրի, որը մեզ միլիարդներով անվճար սպառազինություն է մատակարարել, որն էլ ինքն ամբողջությամբ հանձնել է Ադրբեջանին։ Հասկացանք բոլորս իր խոստովանությունը, միակ ճիշտ բանը, որ ասաց․ ինքը գիտակցաբար է Արցախը հանձնել»,-նշեց Սերժ Սարգսյանը։

Լրագրողի հարցին՝ Փաշինյանն ինչի՞ մասին էր խոսում, երբ նշում էր, թե Արցախի հարցի կարգավորման մյուս ճանապարհը Մեղրիի հանձնումն է, Սարգսյանը պատասխանեց․
«Ինքը ստում է, ինքը պայծառատես չէ, որպեսզի ենթադրություններ անի ապագայի մասին։ Մենք շատ հստակ ասել ենք՝ մենք ունենք բոլոր փաստաթղթերը, թող ինքը ցույց տա մի փաստաթուղթ, որտեղ իր ասածը տեղ է գտել և թող ասի՝ այս կետերով փակվել է Արցախի հարցը։ Գոյություն ունեն փաստաթղթեր, համաձայն որոնց՝ Արցախի վերջնական կարգավիճակը որոշվում է ազատ կամարտահայտությամբ։ Թող ասի, որ այդպիսի բան չի եղել ու հրապարակի որևէ փաստաթուղթ։ Մենք ինչ ասում ենք, փաստարկում ենք եղած փաստաթղթերով»,-ասաց Սարգսյանը։

ՀՀ երրորդ ղեկավարի խոսքով՝ կան բոլոր փաստաթղթերը, առ այն, որ Կազանից հետո որևէ էական բան չի փոխվել բանակցային պրոցեսում։