
Չի կարող մեկը երեք անգամ զորակոչվել վարժական հավաքների, մյուսը՝ ոչ մի անգամ․ Քրիստինե Վարդանյան
Չի կարող մեկը երեք անգամ զորակոչվել վարժական հավաքների, մյուսը՝ ոչ մի անգամ․ «Ազատության» հրապարակում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինիքի պատգամավորության թեկնածու, ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա շեշտեց, որ վարժական հավաքները չեն կարող պատժելու միջոց կամ մահակ դառնալ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների համար։
«Բանակը հայերի դեմ սարքում էին պատժի միջոց մեկ էլ Օսմանյան կայսրությունում։ Մենք դա չե՛նք անելու։ Մենք պաշտպանելու ենք ձե՛զ էլ, պետությո՛ւնն էլ, և, ուրեմն, «Հայաստան» դաշինքը ձե՛ր ընտրությունն է»,- ներկայացրեց Վարդանյանը։
Պատգամավորը նշեց, որ իրենց դաշինքի շարքերում մարդիկ են, որ տարիներ շարունակ ապօրինի հետապնդվել են, մի մասն էլ քաղբանտարկյալ է։
«Ուրեմն մենք ամենալավն ենք հասկանում այդ մարդկանց ու, առհասարակ, բոլորիդ։ Մենք պայքարում ենք ձեր ու մեր իրավունքների վերականգնման համար։ Մենք պայքարում ենք այն բանի համար, որ Հայաստանում մարդն ազատ կամարտահայտման իրավունք ունենա»,- ընդգծեց թեկնածուն։


