
ՔՊ-ն ստեղծել է սեփական օլիգարխներին ու որդեգրել հին օլիգարխներին․ Քոչարյան
Թշնամուն հանձնել են 200 ք/կմ-ից ավելի տարածք, ու ասել են, որ թե, իբրև, հակառակորդը սոված կմնա, կգնա տուն․ իշխանության խոսույթը հավաքվածներին հիշեցնելով՝ «Ազատության» հրապարակում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա, անդրադառնալով իշխանության՝ այս տարիների թերացումներին, թվեց դրանցից մի քանիսը։
«Մինչ այսօր այդ սոված մնալը շարունակվում է, ու այս մոլորակի վրա ամենից երկար հացադուլն է, որ թշնամին անում է մեր տարածքում՝ ըստ Նիկոլ Փաշինյանի։
Հանձնել են Արցախն, ու ունենք 150 հազար փախստական։ Հիմա էլ արցախցիներին ասում են՝ ինչո՞ւ չեք զոհվել։
Անհասկանալի պայքար են մղել կորոնավիրուսի դեմ։ Սկզբից ասել են՝ «ստից հիվանդություն է, տնական օղիով կբուժենք»։ Հետո պարզվեց, որ այդ «ստից» վիրուսի պատճառով՝ այլ երկրների միջին վիճակագրության հետ համեմատած՝ Հայաստանում մահացավ երեք անգամ ավելի մարդ»,- ներկայացրեց ՀՀ 2-րդ նախագահը։
Քոչարյանը հիշեցրեց նաև, որ Փաշինյանի թիմը խոստացել էր պայքարել կոռուպցիայի դեմ, բայց գլխավորել են այն։
«Ստեղծել են սեփական օլիգարխներին ու որդեգրել են հին օլիգարխքներին»,- մանրամասնեց նա։


