Ադրբեջանը հերքել է իր տարածքն Իրանի դեմ ռազմական կամ հետախուզական գործողությունների համար օգտագործելու վերաբերյալ CNN-ի պնդումը
Ադրբեջանի տարածքն Իրանի դեմ ռազմական կամ հետախուզական գործողությունների համար օգտագործելու կամ երկրում Իսրայելի ուժերի տեղակայման մասին պնդումները լիովին անհիմն են և վճռականորեն մերժվում են․ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով CNN World կայքում հրապարակված հոդվածը։
Նա նշել է, թե հոդվածում ներկայացված պնդումներն Ադրբեջանն արդեն բազմիցս հերքել է, և պաշտոնական դիրքորոշումը նախապես ուղարկվել է CNN-ին՝ ի պատասխան նրա հարցումների։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը «հանձնառու է տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարիդրացիական հարաբերությունների խթանմանը»։
Ավելի վաղ CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ 4 աղբյուրի, նշել էր, որ Իսրայելը գաղտնի կերպով էլիտար ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանում Իրանի հետ պատերազմի ընթացքում՝ որպես Մերձավոր Արևելքում գործող գաղտնի օբյեկտների ցանցի մաս։


