
19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում
Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Մարմարաշեն գյուղում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Էմանուել Ա․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 75-ամյա Ասլան Հ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները․ գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ասլան Հ․-ն և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ուղևորը գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և մահացածի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Էմանուել Ա․-ն ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում որպես պայմանագրային զինծառայող։


