
ՌԴ-ն պատրաստ է տրամադրել խնդրված օգնությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման համար
Ռուսաստանի համար կարևոր է Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը, և Մոսկվան պատրաստ է օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ռուսաստան պաշտոնական այցից առաջ։
«Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են մեզ համար։ Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք տրամադրել խնդրված օգնությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման համար, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում», – նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ինչպես նշվել է, Մոսկվան քննարկում է Բայրամովի այցը՝ վստահության վրա հիմնված երկխոսության շարունակման և համագործակցության հետագա ընդլայնման համատեքստում։
Նախարարությունը նշել է, որ նախարարները նախատեսում են քննարկել երկկողմ համագործակցության վիճակը և հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենահրատապ հարցերի շուրջ։


