
Թրամփը նախատեսում է ՄԱԿ-ում «խոսքի ազատության» մասին հռչակագիր ներկայացնել
Թրամփի վարչակազմը ՄԱԿ-ի սեպտեմբերյան Գլխավոր ասամբլեայում նախատեսում է առաջ մղել «խոսքի ազատության» մասին համաշխարհային հռչակագիր, որը եվրոպացի պաշտոնյաները դիտարկում են որպես ԵՄ տեխնոլոգիական կարգավորման դեմ ուղղված քայլ։
POLITICO-ի հրապարակած նախագծով դատապարտվում են այն «նոր օրենքներն» ու «կարգավորող շրջանակները», որոնք, ըստ հեղինակների, սահմանափակում են խոսքի ազատությունը, այդ թվում՝ ժողովրդավարական երկրներում։
Սպիտակ տունը և հանրապետականները վաղուց են քննադատում ԵՄ-ի առցանց հարթակների կարգավորման կանոնները՝ դրանք համարելով գրաքննություն։ 2025-ի փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը ոչ թե Ռուսաստանն ու Չինաստանն են, այլ խոսքի ազատության սահմանափակումը հենց Եվրոպայում։
Սակայն եվրոպացի պաշտոնյաները համաձայն չեն այս մոտեցմանը։ Գերմանացի եվրապատգամավոր Ալեքսանդր Գիզը նախաձեռնությունը որակել է որպես քաղաքական քայլ, որը, նրա խոսքով, նպատակ ունի շեղել ուշադրությունը ԱՄՆ կառավարության և խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ազդեցությունից։
ԵՄ խորհուրդն արդեն քննարկել է նախաձեռնությունը։ Ակնկալվում է, որ անդամ երկրները կփորձեն փոփոխել տեքստը՝ պաշտպանելով ԵՄ օրենսդրությունը, բայց միաժամանակ խուսափելով խոսքի ազատությանը նվիրված փաստաթուղթը մերժելու տպավորությունից։
Նախագիծը նաև նախատեսում է, որ պետությունները չպարտադրեն առցանց հարթակներին այնպիսի կանոններ, որոնք կարող են հանգեցնել բովանդակության անհամաչափ հեռացման կամ խոսքի ազատության սահմանափակման։
Թրամփի վերադարձից հետո նրա վարչակազմը հետևողականորեն պաշտպանում է ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների շահերը, որոնք բազմիցս դժգոհել են ԵՄ խիստ կանոնակարգերից։ Սակայն հայտնի չէ, թե այդ ընկերությունները մասնակցե՞լ են այս փաստաթղթի մշակմանը։


