
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ է ուղարկել Ֆրանսիա, Իսպանիա և Թունիս՝ հրդեհներին դիմակայելու համար
Եվրամիությունը ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակում Ֆրանսիա և Իսպանիա է ուղարկել ինքնաթիռներ, ուղղաթիռներ և հրշեջ խմբեր։
Համաձայն Եվրոպական հանձնաժողովի՝ զանգվածային անտառային հրդեհները հանգեցրել են Եվրոպայում ամենամեծ տարհանումներից մեկին, որի հետևանքով տարհանվել է ավելի քան 300․000 մարդ։
ԵՄ-ն Ֆրանսիա է ուղարկել 7 ինքնաթիռ և 4 ուղղաթիռ՝ Չեխիայից, Խորվաթիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Սլովակիայից, Շվեդիայից և Թուրքիայից։ Ինքնաթիռների մեծ մասը համաեվրոպական պահուստի՝ rescEU-ի մաս է կազմում։
Հրդեհների դեմ պայքարի համար Իսպանիա է ուղարկվել Հունաստանից, Իտալիայից և Թուրքիայից 6 ինքնաթիռ, ինչպես նաև 134 հրշեջ և 41 միավոր տեխնիկա՝ Պորտուգալիայից։
Եվրահանձնաժողովը նշել է, որ եվրոպական ուժերը միաժամանակ տեղակայվում են ոչ միայն Ֆրանսիայում և Իսպանիայում, այլև օգնություն են ցուցաբերում Թունիսին։ Եվրահանձնաժողովի խոսնակը հայտնել է, որ արագ արձագանքման մեխանիզմի շրջանակում այնտեղ տեղակայվել է իտալական Canadair դեսանտային ինքնաթիռը։ Այն գտնվում է Սիցիլիայում, ամեն օր թռիչքներ է իրականացնում Թունիսում հրդեհների դեմ պայքարի համար և իր առաքելությունն ավարտելուց հետո վերադառնում է բազա։
Copernicus արբանյակային համակարգը տրամադրում է տուժած տարածքների արտակարգ քարտեզներ՝ փրկարարական գործողություններին աջակցելու համար:
Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը նույնպես գտնվում է Բորդոյում՝ տեղում եվրոպական աջակցությունը համակարգելու համար։
Բրյուսելը հիշեցրել է, որ երբ որևէ երկիր օգնություն է խնդրում քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակում, հարցումն ուղարկվում է բոլոր 37 մասնակից երկրներին, որոնք կարող են տրամադրել ինքնաթիռներ, հրշեջ անձնակազմեր, սարքավորումներ կամ փորձագետներ։ Եթե ազգային ռեսուրսները բավարար չեն, ԵՄ-ն տեղակայում է իր սեփական ռազմավարական պահուստը՝ rescEU-ն, որը ներառում է 22 հրշեջ ինքնաթիռ և 5 ուղղաթիռ։


