05 Օգս
2026
35° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի իշխանությունները սրում են ընդդիմության կալանավորված առաջնորդի նկատմամբ բռնությունները. HRW

Ադրբեջանի իշխանությունները սրում են ընդդիմության կալանավորված առաջնորդի նկատմամբ բռնությունները. HRW

Ադրբեջանի իշխանություններն ավելի խիստ կալանքի պայմաններ են սահմանել ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության (ԱԺՃԿ) նախագահ Ալի Քերիմլիի նկատմամբ, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ․ նշվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերոպության տարածած հայտարարությունում։

61-ամյա Քերիմլին 2025 թվականի նոյեմբերի 29-ից պահվում է Պետական անվտանգության ծառայության կալանավայրում։ Իշխանությունները նրան մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով՝ «իշխանությունը բռնի զավթելու և սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողություններ» հոդվածով, որը կարող է պատժվել ցմահ ազատազրկմամբ։ Տարիներ շարունակ նրան պարբերաբար ձերբակալել են։ Այդ ընթացքում Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են նրան անձնագիր տրամադրել՝ փաստացի խոչընդոտելով նրա ելքը երկրից։

Քերիմլին հերքում է մեղադրանքները և դրանք համարում է քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։

Դատարանը երկու անգամ երկարաձգել է նրա նախնական կալանքը, վերջին անգամ՝ հունիսի 10-ին՝ 5 ամսով, ինչը նշանակում է, որ նա կարող է կալանքի տակ մնալ առնվազն մինչև նոյեմբեր։

Նրա կալանքի պայմանները, ըստ հաղորդումների, վատթարացել են այն բանից հետո, երբ France 24-ը հունիսին հրապարակել է նրա հետ հարցազրույց, որում քաղաքական գործիչը նկարագրել է իր նկատմամբ վերաբերմունքը և քննադատել եվրոպական կառավարություններին՝ Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը մարդու իրավունքներից գերադասելու համար։ Իշխանությունները կրճատել են հեռախոսազանգեր կատարելու ժամանակը՝ թույլատրելով 15 րոպեանոց զանգերից միայն 4 րոպե։ Նրա փաստաբանները նշել են, որ դատարանները հրաժարվել են գրանցել նրա հաղորդակցման իրավունքի վերականգնման վերաբերյալ դիմումները։

Ավելի ուշ իշխանությունները Քերիմլիի խցում են տեղավորել մեկ այլ կալանավորի, որը, ըստ նրա փաստաբանների, ամբողջ գիշեր խոսում և արտասանում է կրոնական արտահայտություններ։ Ըստ տեղեկությունների՝ Քերիմլին չի կարողանում նորմալ քնել և շարունակում է զգալի հոգեբանական լարվածություն զգալ։ Իշխանությունները մերժել են խցակցին տեղափոխելու խնդրանքները։

Մտցվել են այլ սահմանափակումներ ևս։ Ըստ տեղեկությունների՝ իշխանություններն արգելել են ընտանիքի կողմից բերվող սննդի ծանրոցները, անջատել են նրա հեռուստացույցը, առգրավել թերթերը և արգելել նրա փաստաբաններին տրամադրել գրավոր նյութեր։ Նրա պաշտպանական թիմը հուլիսի 13-ին հայտարարել է, որ Քերիմլիի նկատմամբ վերաբերմունքը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պայմանների արգելքը։

2025 թվականի նոյեմբերից ի վեր կուսակցության ավելի քան 20 անդամ կալանավորվել է, նախնական կալանքի տակ պահվել կամ ենթարկվել ճանապարհորդական արգելքի։ Իշխանությունները նաև բազմիցս մերժել են կուսակցության՝ Բաքվի կենտրոնում հանրահավաքներ անցկացնելու թույլտվությունը։

Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն պատժիչ սահմանափակումները, ազատ արձակեն Քերիմլիին և չեղարկեն անհիմն մեղադրանքները։ Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է հրապարակայնորեն և երկկողմ հանդիպումների ժամանակ բարձրացնեն նրա գործը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026