
Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի հարևան երկրի դեմ․ Հիքմեթ Հաջիև
Աշխարհաքաղաքական տեսանկյունից մեր տարածաշրջանում իրավիճակը չափազանց բարդ է։ Բաքվից 200 կիլոմետր հարավ մոլեգնում է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև պատերազմը։ 200 կիլոմետր հյուսիս շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը․ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Մեկնաբանելով «Մոսադ»-ի կողմից ադրբեջանական տարածքն օգտագործելու մասին պնդումները՝ նա նշել է, որ պաշտոնական Բաքուն Իրանը համարում է «եղբայրական երկիր»։
«Նախ՝ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեզ համար հիմնարար սկզբունքներ են։ Երկրորդ՝ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի հարևան երկրի դեմ։ Երրորդ՝ մենք բարոյական պարտականություն ունենք այնտեղ ապրող մարդկանց նկատմամբ։ Ինչպես արդեն ասացի, սահմանի մյուս կողմում ապրողները, անկախ իրենց ազգությունից կամ կրոնից, մեր եղբայրներն են։ Ինչպե՞ս կարող ենք դա թույլ տալ։ Չորրորդ՝ ինչպե՞ս է դա հնարավոր տեխնիկական տեսանկյունից։ Ինչպե՞ս են նրանք այստեղ հասնելու Իսրայելից։ Նրանք պետք է անցնեին Թուրքիայով։ Ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը թույլ չեն տա դա։ Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ։ Այստեղ կան նաև կեղտոտ քարոզչության տարրեր», – նշել է Հաջիևը։
Նա ընդգծել է, որ Իսրայելի հետախուզական ծառայությունների կողմից Ադրբեջանի տարածքն օգտագործելու մասին պնդումները չեն համապատասխանում պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը։


