
«Բացահայտ խաբեություն» ոչ միայն եվրասիական ինտեգրման գործընկերների, այլև հենց հայ բնակչության նկատմամբ․ ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀՀ իշխանությունների «դիվերսիֆիկացիայի» մասին
Ռուսաստանը «սահմանափակումներ» չի մտցնում հայկական արտահանման համար. ապրանքների որոշակի կատեգորիաների հետ կապված կան որակի մի շարք խնդիրներ․ ինչպես գրում է ria.ru-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։
«Արտահանման ներկայիս դժվարությունները ներկայացվում են որպես Մոսկվայի կողմից որոշակի սահմանափակումներ, բայց մենք պետք է հասկանանք, որ դրանք մեր սահմանափակումները չեն… Հայաստանի ղեկավարությունն ինքն է հրապարակավ ընդունել, որ ապրանքների որոշակի կատեգորիաների հետ կապված կան որակի մի շարք խնդիրներ», – հայտարարել է Ֆադեևը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները «դիվերսիֆիկացիա» բառն օգտագործում են եվրասիական ինտեգրացիայից և Ռուսաստանից «թշնամական Եվրոպական Միություն թեքվելու իրենց շրջադարձը քողարկելու համար»։
Նա նման մոտեցումն անվանել է «բացահայտ խաբեություն» ոչ միայն եվրասիական ինտեգրման գործընկերների, այլև հենց հայ բնակչության նկատմամբ: Ֆադեևի խոսքով՝ «դեպի Եվրոպա նման ցատկի» սոցիալ-տնտեսական հետևանքները թաքցվում են հայ քաղաքացիներից, իսկ արտահանման ներկայիս դժվարությունները ներկայացվում են որպես Մոսկվայի կողմից սահմանված որոշակի սահմանափակումներ։
«Սրանք մեր սահմանափակումները չեն. սա այն իրականությունն է, որը սպասվում է հանրապետությանը, երբ ավանդական կապերը խզվեն», – ընդգծել է դիվանագետը։
Ֆադեևը հավելել է, որ արևմտյան երկրների հետ համագործակցության վերաբերյալ Երևանի կողմից ստորագրված հռչակագրերն «իրավաբանորեն պարտավորեցնող չեն»՝ ի տարբերություն ռուս-հայկական պայմանագրերի և համաձայնագրերի շարքի։
Նա հիշեցրել է, որ դեռևս 2024 թվականին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը «Հայաստանի բարեկամներ» ցանցի համար զեկույցում «սևով սպիտակի վրա» նշել էր, որ հանրապետությունը «ցածր գնով ձեռնարկություն» է Արևմուտքի համար։


