07 Օգս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը կրկին քայլեր է ձեռնարկում ԱՄՆ-ում ծննդյան իրավունքով քաղաքացիությունը սահմանափակելու ուղղությամբ

Թրամփը կրկին քայլեր է ձեռնարկում ԱՄՆ-ում ծննդյան իրավունքով քաղաքացիությունը սահմանափակելու ուղղությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին փորձում է սահմանափակել Միացյալ Նահանգներում ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու հնարավորությունները․ գրում է BBC-ն։

Նախօրեին Թրամփը ստորագրել է գործադիր երկու հրամանագիր, որոնցից մեկն ընդլայնում է այն ոչ քաղաքացիների շրջանակը, որոնց երեխաները ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու իրավունք չունեն։ Երկրորդ հրամանագրով արգելվում է այսպես կոչված «ծննդաբերական տուրիզմը»՝ պրակտիկա, երբ հղի կանայք մեկնում են ԱՄՆ՝ այնտեղ ծննդաբերելու և այդկերպ իրենց երեխաների համար ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։

«Սա պետք է արվեր դեռ տարիներ առաջ, բայց մենք հիմա լուծում ենք այդ հարցը», – ասել է Թրամփը՝ քննադատելով Գերագույն դատարանի որոշումը, որով մերժվել էր 150 տարի գոյություն ունեցող այս քաղաքականությունը վերացնելու իր նախորդ նախաձեռնությունը։

Ըստ նոր հրամանագրերի՝ արգելվում է ծննդյան իրավունքով քաղաքացիություն տալ ԱՄՆ-ում ծնված այն երեխաներին, որոնց երկու ծնողներն էլ քաղաքացի չեն, և ծնողներից մեկն օտարերկրյա ահաբեկչական խմբավորման անդամ է, օտարերկրյա կառավարության աշխատակից է, խարդախությամբ քաղաքացիություն ստանալու փորձ է կատարել կամ բնակվում է ԱՄՆ-ի այն տարածքներում, որտեղ դաշնային օրենքի համաձայն՝ քաղաքացիություն չի շնորհվում ծննդյան իրավունքով։

ԱՄՆ միգրացիոն քաղաքականության ինստիտուտը նշել է, որ Միացյալ Նահանգներում տարեկան մոտ 22․000-26․000 երեխա է ծնվում «ծննդաբերական տուրիզմի» շրջանակում։ Ըստ կազմակերպության՝ կառավարության տվյալները վկայում են, որ 2024 թվականին ԱՄՆ-ում ծնվել է 9600 երեխա, որոնց մայրերն ունեցել են օտարերկրյա բնակության հասցե։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026