
Պեկինն ամրապնդում է դիրքերն ապագայի էներգետիկ շուկայում․ Չինաստանում ստեղծել են 582 տոննա կշռող մագնիս՝ «արհեստական Արեգակը» պահելու համար
Չինաստանն ավարտել է աշխարհում ամենամեծ ջերմամիջուկային մագնիսի ստեղծումը, որով երկիրը նպատակ ունի մինչև 2030 թվականը ջերմամիջուկային սինթեզի միջոցով հասնել էներգիայի արտադրության․ գրում է Forbes-ը։
Անցյալ շաբաթ Չինաստանի գիտությունների ակադեմիայի պլազմային ֆիզիկայի ինստիտուտը ստեղծել և ավարտել է աշխարհի ամենամեծ գերհաղորդիչ մագնիսի փորձարկումը: 582 տոննա կշռող սարքավորումն ունի 21 մետր երկարություն և 12 մետր լայնություն։
Մագնիսի բոլոր բաղադրիչները՝ սկսած գերհաղորդիչ լարից մինչև մետաղական կառուցվածք, արտադրվել են Չինաստանում։ Սա երբևէ ստեղծված ամենամեծ մագնիսն է՝ նախատեսված ջերմամիջուկային ռեակտորի համար. այն կարող է կուտակել երեք անգամ ավելի շատ էներգիա, քան 35 երկրների մասնակցությամբ իրականացվող ITER նախագծի համար Ֆրանսիայում պատրաստվող համանման մագնիսական կոճերը։
Մագնիսը ստեղծվել է BEST ՝ Burning Plasma Experimental Superconducting Tokamak ռեակտորի համար։ Ռեակտորն այժմ կառուցման փուլում է։ Այն պետք է պլազման տաքացնի մինչև ծայրահեղ բարձր ջերմաստիճանի՝ ավելի քան 100 միլիոն աստիճան Ցելսիուս՝ մոտ 7 անգամ ավելի տաք, քան Արեգակի միջուկը։ Իսկ մագնիսի գործառույթը գերշիկացած պլազման հզոր մագնիսական դաշտի միջոցով կայուն պահելն է՝ թույլ չտալով, որ այն դիպչի ռեակտորի խցիկի պատերին։
Նմանատիպ նախագծերի չափանիշներով՝ ծրագիրն ընթացել է աննախադեպ արագ տեմպերով։ Մագնիսի նախագծումից մինչև վերջնական փորձարկումներ անցել է ընդամենը վեց տարի։ Ռեակտորի կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականը, իսկ մինչև 2030 թվականը հետազոտողները ցանկանում են սկսել ջերմամիջուկային էներգիայի արտադրությունը։
Նշվում է, որ Չինաստանն այժմ մեկ տասնամյակ կամ ավելի առաջ է այն ոլորտում, որին միացել էր համեմատաբար ուշ։ Այս քայլը Պեկինին հնարավորություն է տալիս առաջատար դիրք զբաղեցնելու ապագայի էներգետիկ շուկայում: Ջերմամիջուկային էներգիայի ոլորտում համաշխարհային մրցավազքի կարևոր խթաններից մեկն արհեստական բանականության (AI) տվյալների կենտրոնների գործարկման համար էներգիայի հսկայական պահանջարկն է։


