
«Թռչնաբույն»․ ԱՄՆ-ում թոշակառուն միայնակ կանանց համար գյուղ է հիմնել
ԱՄՆ Տեխաս նահանգում թոշակառու Ռոբին Յերիանը միայնակ կանանց համար «Թռչնաբույն» («Bird’s Nest») անունով փոքրիկ բնակավայր է հիմնել․ գրում է The US Sun-ը։
Նա 35 հազար դոլարով ավելի քան 2 հեկտար հողատարածք է գնել։ Տարածքի բարեկարգման՝ ջրահեռացման, էլեկտրականության, ջրամատակարարման, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների համար էլ ծախսել է ևս 150 հազար դոլար։
Բնակավայրում կա 14 հարթակ փոքրիկ տների համար, իսկ վարձակալության արժեքը սկսվում է ամսական 450 դոլարից։ Այժմ այնտեղ ապրում է 52 տարեկանից բարձր 12 կին։ Նրանց մեծ մասը միայնակ է՝ ամուսնալուծված կամ այրի։
Յերիանի խոսքով՝ նպատակը կանաց համար ոչ միայն ֆինանսական անկախություն ու ազատություն ստեղծելն է, այլև միմյանց աջակցող ու ամուր համայնք ձևավորելը։
Թռչնաբույնում նոր բնակիչների ընտրության հարցը բավական խիստ է․ թեկնածուները պետք է հանդիպեն ինչպես հիմնադրին, այնպես էլ ապագա հարևաններին։ Ու բոլորի հավանությունը ստանալուց հետո միայն դառնան գյուղի բնակիչ։


