
ՌԴ-ն ՀՀ-ից ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ որևէ խնդրանք չի ստացել․ Գալուզին
Բրյուսելն իր հայ «խնամակալներին» դիտարկում է որպես ռեսուրսների և աշխատուժի աղբյուր, և նրա խոստումները անցողիկ են․ Известия-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի համար «պայծառ եվրոպական ապագայի» խոստումներն «անցողիկ» են և միայն ընդգծում են Բրյուսելի մոտեցման «օգտապաշտությունը»։
Ինչպես նշել է դիվանագետը, Եվրոպան իր «խնամակալներին» դիտարկում է միայն որպես ռեսուրսների, աշխատուժի և արդյունաբերությունից զուրկ շուկայի՝ իր սեփական ապրանքների ու ծառայությունների վաճառքի համար։ Ըստ Գալուզինի՝ այս ամենի համար պետք է բարձր գին վճարել։
Անդրադառնալով Գյումրիի ռուսական ռազմաբազային՝ դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանից որևէ խնդրանք չի ստացել իր ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ։
Գալուզինն ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է հավատալ, որ այս ռազմաբազան Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է։


