
Չնայած «Զանգեզուրի միջանցքի» 42 կմ հատվածը համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից․ Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում կրկին կիրառել է «Զանգեզուրի միջանցք» տերմինը։
««Զանգեզուրի միջանցքը» հատկապես կարևոր է որպես Միջին միջանցքի նոր երթուղի», – նշել է Բայրամովը։
Նա հայտնել է, որ Ադրբեջանի հիմնական մասում դեպի Հայաստանի սահման տանող մայրուղու շինարարությունը 95%-ով ավարտված է, իսկ երկաթուղային նախագծի շինարարությունը՝ 75%-ով։ Երկու նախագծերն էլ, ըստ նրա, նախատեսված է ավարտել 2027 թվականին։
«Նախիջևանում արդեն սկսվել են երկաթուղու վերակառուցման աշխատանքները։ Թուրքիա-Նախիջևան երկաթուղային երթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։ Սա «Զանգեզուրի միջանցքի» մի մասն է։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Չնայած այս հատվածը համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»,- ասել է Բայրամովը՝ հավելելով․ «Նախագծային աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարի, իսկ բուն շինարարությունը կսկսվի 2027 թվականին։ Այս նախագծի ավարտը կարևորագույն նշանակություն ունի։ Պայմաններ կստեղծվեն Եվրոպայից Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով կապն ապահովելու համար»։


