
Գեղարքունիքում աշակերտուհուն հարվածելու տեսանյութի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
Համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով․ ABC Media-ին փոխանցեցին Քննչական կոմիտեից։
Խոսքը Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում ուսուցչուհու և աշակերտուհու մասնակցությամբ միջադեպի մասին է։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես է ուսուցչուհին հարվածում աշակերտուհուն, ապա մտցնում դասարան։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Գևորգյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է, որ ուսուցչուհին զղջում է միջադեպի համար։
«Դպրոցի տնօրենն ու ուսուցիչը հրավիրվել են մարզպետարան։ Փորձել ենք հասկանալ, թե խնդիրն ինչումն է։ Դպրոցի տնօրինությունն էլ արդեն իսկ գործընթաց է սկսել կարգապահական տույժ նշանակելու հետ կապված։ Նկատի ունենալով, որ դպրոցը ԿԳՄՍՆ լիազորության ներքո է գործում, մենք պաշտոնական գրությամբ դիմել ենք իրենց` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,- նշել է Գևորգյանը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Էլիզա Գալուստյանն էլ շեշտել է, որ արդեն իսկ ձեռնամուխ են եղել անհրաժեշտ միջոցների կիրառմանը։


