
Երեխուս լացի համար պատասխան եք տալու․ ի՞նչ է կատարվել Ավանում և ինչպե՞ս են դա պարզաբանում ՆԳՆ-ից
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ավանում շուկայի ապամոնտաժման ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել ոստիկանների և աշխատակիցների միջև։
Ոստիկանները մի տղամարդուց պահանջել են երեխային փոխանցել կնոջը, իսկ իրեն՝ իրենց հետ գնալ։ Տղամարդը, սակայն, պահանջել է ներկայացնել իրեն բերման ենթարկելու հիմքը և համապատասխան փաստաթուղթը, ինչից հետո ծագել է վիճաբանություն, հրմշտոց։
Ոստիկանությունը միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն-պարզաբանում է տարածել, ինչը ներկայացնում ենք ստորև․
«Դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողներն այցելել են քաղաքացու հասցե՝ նրա կողմից համայնքապատկան հողատարածքը կրկին ինքնակամ զբաղեցնելու հանգամանքները պարզելու նպատակով։
Ոստիկանության ծառայողների օրինական պահանջները կատարելու փոխարեն քաղաքացին դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ՝ անտեսելով նաև իր երեխայի լավագույն շահն ու անվտանգությունը։
Պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով քաղաքացին ձերբակալվել և բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Միաժամանակ, ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունն ուսումնասիրում է դեպքի հանգամանքները»։


