
Մեր երկրում կարծես «ամենակոմֆորտն» իրենց զգում են ադրբեջանցիները՝ անկախ նրանից, թե ինչ պայմաններում են հայտնվում Հայաստանում․ Տիգրան Աբրահամյան
Մեր երկրում բռնությունների ալիքը սկսվել է ընտրություններից դեռևս մեկ տարի առաջ, երբ արդեն իսկ ուրվագծվում էին այն հիմնական քաղաքական ուժերը, որոնք մասնակցություն էին ունենալու ընտրական պրոցեսներին, և այդ փուլից էլ հենց սկսվել են բուն բռնությունները, որոնք ուղեկցվել են և՛ ճնշումներով, և՛ նաև կալանավորումներով․ այսօր Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի հրավիրած ասուլիսում ասաց քաղաքագետ, նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այդ պրոցեսի հիմնական ակտիվ դերակատարները, որոնք ի սկզբանե հայտարարել էին քաղաքական պայքարի միջոցով օրենքի և սահմանադրության համահունչ պրոցեսների գնալու և ընտրություններում հաջողության հասնելու մասին, ի սկզբանե միանգամից դարձել են թիրախ։ Սկսած առաջին փուլում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանից, վերջացրած ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանի, ՀՀ երկրորդ նախագահի և այլ մարդկանց կալանավորումներով»,- ասաց նա։
Ըստ նրա՝ մեր երկրում կարծես «ամենակոմֆորտն» իրենց զգում են ադրբեջանցիները՝ անկախ նրանից, թե ինչ պայմաններում են նրանք հայտնվում Հայաստանում․ «Որովհետև հատկապես այն մարդիկ Հայաստանում, որոնք ունեն միտք, և այդ միտքը հնչեցնում են, իսկ այդ միտքը որևէ ձևով հակասում է իշխող ուժի դիրքորոշումներին, մոտեցումներին կամ պատկերացումներին, այդ մարդիկ պատրաստի քաղբանտարկյալներ են»։
«Հաճախ երբ մենք խոսում ենք Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումների և բանտերում գտնվող տասնյակներով քաղաքական գործիչների, հասարակական գործիչների կամ պարզապես ակտիվ դեմքերի մասին, զուգահեռ շատերիս մտքում Բաքվի բանտերում գտնվող հայերն են, որովհետև երբ նայում ես հիմքային առումով, թե ինչու են այդ մարդիկ գտնվում բանտերում, միմյանց կապող բավականին շատ բաղադրիչներ կան, երկու դեպքում էլ այս մարդիկ ունեն քաղաքական պատանդի կարգավիճակ․ Հայաստանում գտնվելու պարագայում իշխանությունն այդ մարդկանց պահում է բանտերում՝ քաղաքական պրոցեսներից հեռացնելու, նրանց գործունեության հնարավորությունը սահմանափակելու համար, նույն ձևով այսօր ադրբեջանական բանտերում են գտնվում մարդիկ, որոնց Ադրբեջանը նաև փորձում է օգտագործել հայ ժողովրդի վրա ճնշում գործադրելու համար»,- ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ երբ քննարկում ենք Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, գլխավոր հարցն այն է, թե ինչպես է հնարավոր հասնել այս իրավիճակի հանգուցալուծմանը։
«Ես կարծում եմ՝ այստեղ կա երկու ճանապարհ, նվազագույն խնդիրը հանրային քաղաքական դաշտի մեծ համախմբվածությունն է՝ հնարավորինս մեղմելու և դիմադրություն ապահովելու իշխանության սկսած այս գործունեությանը, երկրորդը, բնականաբար, երկրում քաղաքական փոփոխությունն է՝ իշխանափոխությունը, որովհետև անկախ այն հանգամանքից, թե որ պահին ինչպես կդրսևորվի այս իշխանության վարքագիծը, ակնհայտ է, որ այս իշխանությունը իր բնույթով կառուցում է բռնատիրություն։ Եվ, բնականաբար, այս գործելաոճն արմատախիլ անելու միակ ճանապարհը քաղաքական փոփոխության իրականացնում է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։


