09 Հոկ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե քաղաքական հետապնդում չկա, թող Ծառուկյանն ազատության մեջ մասնակցի դատավարությանը․ Տոնոյան

Եթե քաղաքական հետապնդում չկա, թող Ծառուկյանն ազատության մեջ մասնակցի դատավարությանը․ Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի դատավարությունը կմեկնարկի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14։00-ին, Մասիվի դատարանում։

Տոնոյանի խոսքով՝ նախաքննությունն ավարտվել է, և գործն անցնում է դատաքննության փուլ։ Նա նշել է, որ նախորդ օրը Վերաքննիչ դատարանը հերթական անգամ մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։

Իվետա Տոնոյանը անդրադարձել է նաև ԵԽԽՎ վերջին զեկույցին, Գագիկ Ծառուկյանի և նրա հետ փոխկապակցված ընկերությունների շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի անկախության 35-ամյակի կապակցությամբ նախատեսվող միջազգային մրցանակաբաշխությանը։

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ վերջին զեկույցում արձանագրվել են ԲՀԿ-ի՝ խորհրդարանում ներկայացված չլինելու և ընտրական գործընթացների հետ կապված խնդիրները։ Տոնոյանի գնահատմամբ՝ իշխանության ներկայացուցիչները զեկույցից առանձնացնում են այն հատվածները, որոնք վերաբերում են խորհրդարանի լեգիտիմությանը, մինչդեռ անտեսվում է կուսակցության՝ խորհրդարանում ներկայացված չլինելու հանգամանքը։

«Որքան էլ իշխանության ամենատարբեր տրամաչափի ներկայացուցիչներն այս օրերին փորձեն զեկույցի ընդամենը մեկ նախադասություն վերցնել և շեշտել, որ ԵԽԽՎ-ն արձանագրում է խորհրդարանի լեգիտիմությունը, և ընտրությունները տեղի են ունեցել լեգիտիմության շրջանակներում, այնուամենայնիվ, աննախադեպ բան է տեղի ունեցել, երբ միջազգային հեղինակավոր կառույցն արձանագրում է մի ամբողջ խորհրդարանական խմբակցության մանդատների գողության փաստացի հանգամանքը և առաջ է քաշում ընտրական գործընթացների հետ կապված իրավական փոփոխությունների անհրաժեշտությունը»,- ասել է Տոնոյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ կուսակցության շուրջ 60 հազար ընտրող զրկվել է իր ձայնը խորհրդարանում իրացված տեսնելու հնարավորությունից։ Նրա խոսքով՝ դրան հաջորդել են քաղաքական հետապնդումները, Գագիկ Ծառուկյանի կալանավորումը և նրա հետ փոխկապակցված մի շարք տնտեսական ձեռնարկությունների գործունեության սահմանափակումները։

«Կապարակնքվեցին շուրջ 15 ընկերություններ, որոնց գործունեությունը վերջին երեք ամիսների ընթացքում պարալիզացված է։ Ավելի քան 10 հազար աշխատակիցներ հարկադիր պարապուրդի են մատնված՝ զրկված իրենց հանապազօրյա հացը վաստակելու իրավունքից։

Իհարկե, այս օրերին առաջին ատյանի դատարանների մի շարք որոշումներով մի քանի ընկերությունների գործունեությունը վերականգնվել է։ Խոսքը «Եվրոմոթորս», «Մուլտի տաբակ», «Օլիմպավան» և «Մուլտիթոուն» ընկերությունների մասին է, որոնց կապարակնքումը դատարանների կողմից ոչ իրավաչափ է ճանաչվել։ Բնականաբար, լինելու են նաև վերաքննիչ բողոքներ, վստահ եմ, բայց այս մասով արդեն իսկ առաջին ատյանի դատարանների որոշումները կան»,- հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Գագիկ Ծառուկյանի և այլ անձանց վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին՝ Տոնոյանը քննադատել է դրանք՝ նշելով, որ նման ձևակերպումները հակասում են անմեղության կանխավարկածի սկզբունքին։

Տոնոյանի խոսքով՝ եթե իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չկա, ապա կարող են դա ապացուցել՝ թույլ տալով նրան ազատության մեջ գտնվել և մասնակցել դատական գործընթացներին։ Նա պնդել է, որ Ծառուկյանի կալանավորման համար բավարար իրավական հիմքեր չկան։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ