
ՆԱՏՕ-ն հերքում է Կալինինգրադի շրջափակման ծրագրերը. Մոսկվայի և Բրյուսելի հեռակա բանավեճը
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) հայտարարել է, որ չի պատրաստվում ռազմական կամ տնտեսական շրջափակման ենթարկել Ռուսաստանի Կալինինգրադի մարզը: ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ջուզեպե Կավո Դրագոնեն ընդգծել է, որ նման լուրերն ու սցենարները իրականությանը չեն համապատասխանում և արհեստական օրակարգ են:
Այս հայտարարությունը հետևել է եվրոպական որոշ երկրների ու պաշտոնյաների՝ վերջին շրջանում արած հայտարարություններին, որոնք Մոսկվայում ընկալվել էին որպես ուղղակի սպառնալիք՝ ռուսական էքսկլավի անվտանգության նկատմամբ:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Կալինինգրադի հնարավոր շրջափակման մասին արևմտյան քննարկումները որակել էր որպես «մոլեգնած ու անպատասխանատու հայտարարություններ»:
«Ռուսաստանի զգուշացումները, որ Կալինինգրադի մարզի շրջափակման փորձի դեպքում կօգտագործվի ռազմական ամբողջ արսենալը, սպառնալիք չեն, այլ հնարավոր պատասխանի հստակ նկարագիր»,- նշել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ըստ Պեսկովի՝ Ռուսաստանն ունի անհրաժեշտ բոլոր միջոցները տարածքային ամբողջականությունն ու էքսկլավի անվտանգությունն ապահովելու համար։


