13 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բուլղարիայի ափերի մոտ անօդաչուները հարձակվել են Ուկրաինային պատկանող նավի վրա․ Սոֆիան կանչել է ՌԴ դեսպանին

Բուլղարիայի ափերի մոտ անօդաչուները հարձակվել են Ուկրաինային պատկանող նավի վրա․ Սոֆիան կանչել է ՌԴ դեսպանին

Հոկտեմբերի 13-ի գիշերը Սև ծովում՝ Բուլղարիայի ափերի մոտ, առևտրային 2 նավ է հարձակման ենթարկվել․ ինչպես գրում է meduza.io-ն, այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռումեն Ռադևը։

Մալթայի դրոշի ներքո նավարկող և Ուկրաինային պատկանող «Չելսի 3» (Chelsea 3) նավը ենթարկվել է 3 անօդաչու թռչող սարքի հարձակման՝ Բյալա քաղաքից դեպի արևելք մոտ 18 ծովային մղոն (շուրջ 33 կիլոմետր) հեռավորության վրա։ Անձնակազմի բոլոր 15 անդամները (Ուկրաինայի 7 և Ադրբեջանի 8 քաղաքացի) տարհանվել են։ Նախնական տվյալներով՝ 5 նավաստի ստացել է թեթև վնասվածքներ։

Մյուս նավը խորտակվել է Կրապեց գյուղից դեպի արևելք մոտ 17 ծովային մղոն հեռավորության վրա։ Հայտնի է, որ անձնակազմի մեկ անդամ փրկվել է։

«Սա բացարձակապես անընդունելի է՝ ևս մեկ հարձակում Բուլղարիայի տարածքային ջրերի անմիջական հարևանությամբ»,- հեռուստաուղերձում հայտարարել է Ռադևը։  Նա հավելել է, որ նախատեսում է զրույց ունենալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։

Ռադևի խոսքով՝ դեռևս չկան «ծանրակշիռ և միանշանակ ապացույցներ մեղադրանքներ առաջադրելու համար», սակայն «տրամաբանությունը հուշում է, որ դա ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանը»։ Բուլղարիան այս միջադեպի կապակցությամբ կանչել է Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովային։

Սոֆիայում կայացած հանդիպումից հետո ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից որևէ տեղեկություն չունի քաղաքացիական նավերի վրա հարձակումների վերաբերյալ։ Նա նաև չի բացառել, որ կատարվածը կարող է «երրորդ կողմի սադրանք» լինել։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ