
Մեկնարկեց Գագիկ Ծառուկյանի և ևս 8 մեղադրյալի գործով դատական նիստը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, մեկնարկեց Գագիկ Ծառուկյանի և ևս 8 մեղադրյալի գործով դատական նիստը։ Այն մեկնարկեց ուղիղ 1 ժամ ուշացումով։ Ասացին՝ մեղադրյալներից մեկը, որ տնային կալանքի տակ է, ուշանում է։ Մեկ ժամ անց միայն սկսվեց նիստը։
Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ պաշտպանյալի մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին։
Պաշտպանը նշեց, որ ինչպես մեղադրող, այնպես էլ արդարացնող ապացույցներ պետք է ներառվեն, որոնք չկան։
Նա հարց ուղղեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ իրանցիների բերած փաստերն ապացույց են, իրենց ներկայացրածը՝ ոչ։
Հիշեցնենք՝ Իրանի քաղաքացիները բողոք են ներկայացրել Գագիկ Ծառուկյանի դեմ՝ պնդելով, որ վերջինս խարդախությամբ հափշտակել է իրենց միջոցները կամ օգտագործել նրանց սեփականությունը։
Ծառուկյանի պաշտպանական կողմը կտրուկ հերքում է մեղադրանքները և պնդում, որ իրականում իրանցի գործընկերներն են Ծառուկյանից հափշտակել առնվազն 14․5 միլիոն դոլար։ Ըստ փաստաբանների՝ բիզնեսի ամբողջ ֆինանսավորումը (ցեմենտի և այլ ապրանքների ներկրման համար) տրամադրել է անձամբ Ծառուկյանը, իսկ իրանցիները որևէ գումար չեն ներդրել, ներկայացել են կեղծ կարգավիճակով և չեն կատարել իրենց պարտավորությունները։
Անի Աբաղյան


