
ՆԳ նախարարը պնդում է՝ Շաքիի դեպքի ժամանակ ոստիկանությունն օպերատիվ է գործել
Շաքիի դեպքի առնչությամբ ոստիկանությունն առավել քան օպերատիվ է գործել․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ոստիկանի՝ դեպքի վայր ուշ հասնելու վերաբերյալ քննադատություններին։
Նախարարի խոսքով՝ ոստիկանը հանգստի մեջ է եղել, երբ տուժողը զանգահարել է նրա անձնական հեռախոսահամարին և կարճ տեղեկություն փոխանցել՝ առանց մանրամասնելու տեղի ունեցածը։
«Ոստիկանի համար դժվարլսելի է եղել, թե ինչի մասին է խոսքը։ Գտնվելով հանգստի մեջ՝ ոստիկանին հարիր պահվածք է դրսևորել, դուրս է եկել բնակության վայրից և չանցած 10 րոպե՝ հասել դեպքի վայր։ Բնականաբար, դեպքն արդեն տեղի էր ունեցել։ Տուժողի որդու ներկայությամբ զանգահարել է 112 օպերատիվ կառավարման կենտրոն։
Ունենք ստանդարտացված կարգ, որ 10 րոպեում պետք է ապահովենք օպերատիվ խմբի մեկնումը, բայց այս դեպքում օպերատիվ խմբի՝ կենտրոնի ծառայողները 10 րոպե անց տեղում են եղել։ Նրանք առավել քան օպերատիվ են գործել։
Այն միտքը, որ ոստիկաններն ավելի ուշ են հասել, մենք մեր պարզաբանմամբ ամբողջովին փարատել ենք, որովհետև այլ կարծիք ուղղակի լինել չի կարող»,– ասել է նախարարը։
Դիտարկմանը, որ Անի Ավետիսյանն ավելի շուտ է հասել դեպքի վայր, քան ոստիկանությունը, Սարգսյանն ասել է, որ ոստիկանը գտնվել է տուժողից շատ ավելի հեռու։
Անդրադառնալով հարցին, թե եթե Հայաստանի իրավասու մարմինները տեղեկություններ ունեին ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ ներխուժելու մասին, ինչու նախապես միջոցներ չեն ձեռնարկվել՝ բնակիչների տուն նրա մուտքը կանխելու համար, Սարգսյանն ասել է, որ այդ հարցին մանրամասն անդրադարձել է վարչապետը։
«Բոլոր ծառայություններն իրականացրել են իրենց աշխատանքը»,- նշել է ՆԳ նախարարը։


