
Անկլավների հարցով Ադրբեջանի հետ համաձայնություն չկա․ Մհեր Գրիգորյան
Անկլավների հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն չկա․ այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հարցին, թե անկլավների հարցի լուծման հետ կապված հայկական կողմն ինչ առաջարկներ ունի Ադրբեջանին, Գրիգորյանը պատասխանել է, որ չի կարող բացահայտել հայկական կողմի առաջարկները։
«Ես կարծում եմ՝ պատկերացումները և ընթացակարգերը այդ հարցի հետ կապված հստակ նկարագրված և կանոնակարգված են։ Մենք գործում ենք բացառապես սահմանված կանոնակարգի շրջանակում», - ասել է նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ հրապարակած տեղեկությանը, որում խոսվում էր փոխանակման մասին, լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք դա նշանակում է, որ կողմերի միջև որոշակի համաձայնություն կա։
«Համաձայնություն չկա», - ընդգծել է Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացի շրջանակում անցկացված հանդիպումների վերաբերյալ եղել են պաշտոնական հաղորդագրություններ՝ քննարկումների մանրամասների և արդյունքների մասին։ Գրիգորյանը նշել է, որ տեղի է ունեցել շուրջ 13 հանդիպում։
«Եթե մենք այդ հարցի շուրջ քննարկում ունեցած լինեինք, և այն աշխատանքային հանդիպման կամ քննարկման կարգավիճակ ունենար, դուք կտեսնեիք հաղորդագրություն, որտեղ բոլոր հարցերի պատասխանները հնարավորինս բացահայտված կլինեին։ Իսկ քանի որ չկա, ուրեմն չկա», - ասել է փոխվարչապետը։
Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է անկլավների հարցը։ Մհեր Գրիգորյանը պատասխանել է, որ ինքը չի մասնակցել այդ զրույցին և չի կարող ասել, թե կոնկրետ ինչ են քննարկել։


